Մարտի 5-ի ահաբեկչական գործողությունից հետո ադրբեջանցիները դիմել են ռուս խաղաղապահներին և խնդրել դադարեցնել հայկական կողմի պատասխան կրակը, որպեսզի հնարավորություն ունենան դուրս հանել զոհերին և վիրավորներին։ Տեղեկությունը հայտնել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում։
Հայտնել էինք, որ մարտի 5-ի առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
«Մենք ունենք նաև նրանց գնահատականը, վերաբերմունքը և այն ողջ տեղեկատվական բազան, որը նրանց կողմից հավաքագրվել և ուղարկվել է կամ առաջիկայում կուղարկվի ՌԴ։ Մեզ համար ակնհայտ է, որ նրանց գնահատականները որևէ կերպ չեն տարբերվում մեր գնահատականներից»,–ասել է նա։
Ներսիսյանի խոսքով` իրենք հույս ունեն, որ առաջիկայում ՌԴ բարձրագույն իշխանությունների կողմից նման գնահատականներ և արձագանքներ կհնչեն։
Անդրադառնալով միջադեպին` Ներսիսյանն ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար:
Ներսիսյանի խոսքով` Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական հանցագործությունը:
Գուրգեն Ներսիսյանը նաև միջազգային հանրության պահվածքից է խոսել՝ դա որակելով անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:
«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ո՛չ զիջելու, և ո՛չ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ընդգծել է Ներսիսյանը:
Հիշեցնենք` մարտի 3–ին Արցախում հրադադարի ռեժիմի խախտման 3 դեպք էր արձանագրվել Մարտունու և Շուշիի շրջաններում։ Դրանք գրանցել էր նաև ՌԴ խաղաղապահ զորախումբը։