Search
Close this search box.

Գերությունից վերադարձած մայորը գումարի դիմաց պետական գաղտնիք կազմող տեղեկություններ է փոխանցել թշնամուն

ՀՀ ՊՆ N զորամասի նյութատեխնիկական ապահովման գծով հրամանատարի տեղակալ Ա.Ն-ն՝ մայորի զինվորական կոչումով, 2021 թվականի հուլիսին Սյունիքի մարզի Իշխանասար կոչվող տեղանքում, մարտական դիրքեր սնունդ տեղափոխելու ընթացքում, եղանակային վատ պայմանների պատճառով, «Սև լիճ» կոչվող հատվածում, մեկ այլ զինծառայող՝ Ա.Տ-ի հետ միասին, «Ուրալ» մակնիշի մեքենայով հայտնվել է հակառակորդի կողմից վերահսկվող տարածքում, գերեվարվել և տեղափոխվել է Բաքու:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն-ն, մինչև 2021 թվականի սեպտեմբերի 7-ը, գտնվելով գերության մեջ, Բաքվի բանտերից մեկում, գրավոր համաձայնագիր է ստորագրել՝ համագործակցելու օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:

Նույն թվականի սեպտեմբերի 7-ին Ա.Ն-ն վերադարձել է Հայաստան և 2021 թվականի դեկտեմբերին նշանակվել է ՊՆ N զորամասում՝ որպես կոմունալ շահագործման ծառայության պետ:

Պաշտոնավարման ընթացքում, Ա.Ն-ն, հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է հանձնել պետական գաղտնիք հանդիսացող տվյալներ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության՝ որպես վարձատրություն ստանալով 20 հազար 200 ԱՄՆ դոլար գումար:

2023 թվականի փետրվարի 28-ին հսկող դատախազը որոշում է կայացրել N զորամասի համապատասխան պաշտոնյայի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. Ա.Ն-ին ներկայացվել է մեղադրանք:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2023 թվականի մարտի 6-ին հսկող դատախազի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազզությունը:

Please enter a valid URL