Գեղարքունիքի մարզի «Մարտունի» ԲԿ-ից 168.am-ը ահազանգ է ստացել, ըստ որի, օրեր առաջ ծեծկռտուք է տեղի ունեցել վիրաբուժական բաժանմունքի ղեկավարի ու վիրաբույժներից մեկի միջև:
Ըստ լրատվականի՝ երկու բժիշկ, որոնցից մեկը «Մարտունի» ԲԿ-ի վիրաբուժական ծառայության ղեկավարն է, մյուսը՝ վիրաբույժ, աշխատանքային կոնֆլիկտ են ունեցել, ինչից հետո վիրաբուժական ծառայության ղեկավարը ԲԿ է կանչում իր համագյուղացիների ընկերներին, որոնց թիվը մոտ 3 տասնյակ է եղել, ու ծեծի են ենթարկել բժիշկներին: Տուժել են նաև բուժքույրերը:
«Բժիշկներից մեկին՝ Մայիս Սմբատյանին, այնպես են ծեծել, որ վնասվել է վերջինիս թմբկաթաղանթը. այլ վնասվածքներ, հատկապես՝ դեմքի շրջանում, նույնպես ունի: Վերջինս անգամ վիրահատվել է:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ոստիկաններ էին եկել անգամ: Մեծ աղմուկ էր ու շատ մեծ ամոթ մեր համայնքի ու մարզի համար»-, գրում է լրատվականը:
Ոստիկանությունից, սակայն, 168.am-ի հետ զրույցում չեն հաստատել խմբակային ծեծի փաստը:
«Նման հաղորդում կամ ահազանգ չի ստացվել»,- ասալ են Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) լրատվական ծառայությունից:
Զրուցել են նաև «Մարտունի» ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի հետ:
«Ծեծկռտուք չենք ունեցել, տեղյակ չեմ, ճիշտն ասած: Էդ ինֆորմացիան ճիշտ չեն ներկայացրել Ձեզ»,- ասել է «Մարտունի» ԲԿ-ի տնօրենը: