Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում 1,1 մլրդ դրամ հատկացրեց ՏԿԵ նախարարությանը, որի նպատակն է Աջափնյակում մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխտանքների ձեռքբերման եւ ֆինանսավորման համար գումար տրամադրելը
«Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, արդեն առաջին փուլը իրականացվել է, աշխատանքներն ընթացքի մեջ են, կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը»,-ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նա տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանն արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1,848 մլրդ դրամ է. «Այսօր առաջարկում ենք, որ կառավարությունը հատկացնի 1,1 մլր դրչամը, տարբերությունը հետագայում քաղաքապետարանը կլրացնի»,-ասաց նախարարը:
Իր հերթին Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ քաղաքապետարանն արդեն «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ առաջին փուլն անցել է. «Նախնական հաշվարկներով Աջափնյակի կյարանի շինարարությունը տեւելու է ընդամենը 48 ամիս, այսինքն երկու տարում կարողանալու ենք կառուցել: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է 1,5 կմ, կայարանի շինարարությունը նաեւ ենթադրում է մետրո-կամուրջ, որն այս պահի դրությամ երկու տարբերակով ենք դիտարկում՝ երկաթբետոնե հենասյուներով եւ հեծաններով, եւ մ նոր մոդելով՝ մետաղական ֆերմայով հավաքված կամուրջ: Այս պահին դեռեւս վերջնական որոշում չունենք, սպասում ենք ֆինանսական գնահատականներին: Բայց որ դիտարժան ու գեղեցիկ կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,-ասաց Ավինյանը:
Նա շարունակեց, որ նախնական տարբերակից որոշակի փոփոխություններ են եղել. «Նախկինում նախատեսված էր Աբելյան փողոցի անկյունում, որտեղ արդեն շինարարական աշխատանքներ են արվել, այնտեղ շենք է կառուցվել: Մենք 120-140 մետր տեղափոխելով կայարանը դեպի Հալաբյան-Աբելյան խաչմերուկի, կարողանում ենք մի քանի խնդիր լուծել: Նախ, շինարարությունն ավելի ցածր արժեք է ունենալու մոտ 15 տոկոսի չափով: Շինարարության ժամկետները մոտ 6 ամիս կրճատվելու են: Բաց տարածքում է լինելու շինարարությունը, Թումոյի մայթին: Վերեւից ենք փորելու, ոչ թե տակից փորելով ենք գնալու, դա առավելություն է տալիս: Երկրորդ փուլն ավարտվելուն պես կունենանք նախագիծ, որը կուղարկենք փորձաքննության, տարեվերջին կունենանք վերջնական նախագիծը: Արդեն իսկ ժամանակն է քննարկել հետագա ֆինանսավորման հարցերը»,-ասաց Ավինյանը: