«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող որոշ կառույցներում դժգոհություններ են հասունացել: Նախարարության եւ «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում այդ կառույցներում դասախոսություններ են կարդում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325՝ «կանայք, խաղաղություն եւ անվտանգություն» բանաձեւի վերաբերյալ։
Նման դասախոսություն են կարդացել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտների համար, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում, խաղաղապահ զորքերի բրիգադի զինծառայողների համար եւ այլուր։
1325 բանաձեւն ընդգծում է կանանց դերը հակամարտության լուծման, խաղաղարարական, խաղաղաշինական եւ բանակցային գործընթացներում, կարեւորում է կանանց հավասար մասնակցությունը նշված բոլոր գործընթացներում՝ որպես անվտանգության եւ խաղաղության հաստատման կարեւորագույն երաշխիք: Սակայն դասախոսություններում ոչ այնքան կանանց դերի մասին են խոսում, որքան՝ խաղաղության: Մեզ ահազանգած զինվորականները տարակուսում էին, որ ՊՆ գերատեսչություններում խաղաղություն են քարոզում, փոխանակ պատերազմի պատրաստվեն եւ զինվորական գործ քարոզեն: Այս իշխանությունների` պետության հանդեպ դավաճանությունը, ըստ զինվորականների, հասել է այնտեղ, որ անգամ զինծառայողներին են փորձում խաղաղության նարատիվը ներշնչել եւ հակապատերազմական քարոզչություն իրականացնել, փոխանակ բանակը համալրելու, զենք ներկրելու եւ ռեւանշի քարոզ տանելու։
Ի դեպ, «Դեմոկրատիան՝ այսօր» ՀԿ նախագահ Գյուլնարա Շահինյանը նախկինների կադրերից է` տարիներ առաջ Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետն էր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում