Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդն ու գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ։ «Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից:
«Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մարդկանց, բաժանորդներին և Ucom-ի թիմին որպես գլխավոր տնօրեն։ Մենք միասին մուտք գործեցինք աննախադեպ աճի դարաշրջան՝ միաժամանակ հավատարիմ մնալով մեր հիմնական, մարդակենտրոն արժեքներին ու առաքելությանը: Հպարտ եմ, որ աշխատել եմ «Յուքոմ»-ի մարդկանց հետ, որոնք ցուցաբերել են մեծ նվիրվածություն՝ օգնելով առաջ տանել ընկերությունը վերափոխման ընթացքում»,- ասել է Արա Խաչատրյանը։
Այժմ ընկերությունը պատրաստվում է կյանքի կոչել զարգացման նոր ռազմավարությունը, որը նաև կապահովի տեխնոլոգիական ու բովանդակային առաջընթաց և լայն հնարավորություններ Հայաստանի համար:
Այդ տեսանկյունից է կարևորվել գլխավոր տնօրենի պաշտոնում Ռալֆ Յիրիկյանի նշանակումը, որը հաղորդակցության ոլորտում ունի երկարամյա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում: