Search
Close this search box.

Մարտի 1-ին վթա՞ր է եղել, որից մարդիկ են զոհվել, թե մարտի 1-ն ի՞նքն է ինչ-որ մեկի վրա հարձակվել, գոնե գրեին․․․ Լևոն Զուրաբյան

Մարտի 1-ի ոճրագործության 15-ամյակի նախօրեին իշխանությունը բացել է աբստրակտ քանդակագործության մի անհասկանալի նմուշ-«հուշարձան», որի կողքին տեղադրել են «Մարտի 1-ի զոհերի հիշատակին» գրությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը։

«Լավ, էս մարդիկ գիտենք որ սեփական ներքին կուլտուրա չունեն, բայց աշխարհի կարևոր մայրաքաղաքներում չեն եղե՞լ, չգիտե՞ն նման հուշարձանները ինչպես են կերտվում։ Ի՞նչ է նշանակում «մարտի 1-ի զոհեր»։ Էդ մարտի 1-ին ի՞նչ է՝ վթա՞ր է եղել, որից մարդիկ են զոհվել, թե մարտի 1-ը ի՞նքն է ինչ-որ մեկի վրա հարձակվել։

Գոնե գրեին «Մարտի 1-ի ոճրագործության զոհերի հիշատակին», որ գոնե մի բան պարզ լիներ։

Երբ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում էր նման հուշարձանի կառուցում, մենք նկատի ունեինք, որ այն պետք է հավերժացնի ժողովրդավարության հաստատման համար իրենց կյանքը տված քաղաքացիների սխրանքը, դատապարտի սեփական ժողովրդի վրա կրակ բացած ոճրագործ իշխանությանը և խրատ ծառայի ապագա սերունդներին նման բան այլևս երբեք թույլ չտալու համար։ Դրա համար պետք էր կերտել մի քանդակ, որը, օրինակ, բարելյեֆի տեսքով կպատկերեր կատարվածը և կուղեկցվեր հուշարձանի իմաստը բացող գրությամբ։ Այդ գրությունը կարող էր հետևյալ տեսքն ունենար. «2008 թվականի մարտի 1-ին հայոց նորանկախ պատմության մեջ առաջին անգամ իշխանությունները կրակ բացեցին ժողովրդավարության հաստատման համար պայքարի ելած խաղաղ ցուցարարների դեմ, ինչի հետևանքով զոհվեցին 10 հոգի։ Հուշարձանը նվիրվում է ժողովրդավարության համար պայքարող քաղաքացիներին և այդ ոճրագործության բոլոր զոհերի հիշատակին»։

Սա այդպես էլ չարվեց և պետք չէ մտածել, որ կատարվածը այսօրվա իշխանավորների սովորական անշնորհքության հետևանք է։ Փաշինյանը տապալեց մարտիմեկյան ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու գործը, ավելին՝ լեգիտիմացրեց նրանց որպես իրեն հարմար խորհրդարանական ընդդիմություն, և նման անհեթեթ, ոչ մի բան չասող, լղոզված «հուշարձանի» կառուցումը ընդամենը այդ քաղաքականության հերթական դրսևորումն է»։

Please enter a valid URL