Search
Close this search box.

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռ պատժված չեն: Այս մասին 2008-ի մարտի 1-ի զոհերին նվիրված հուշարձանի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե ինչու պատժված չեն, նա պատասխանեց. «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով: Այն, որ մինչեւ հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինելու:

Մեծ խնդիրներից մեկն այն է, որ նաեւ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ 2008-ի մարտի 1-ից անմիջապես հետո նախաքննությունը ոչ միայն ամբողջ ջանքերը չի գործադրել, որպեսզի տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլեւ բոլոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կմ դժվար լինի կամ անհնար դառնա: Ես մի դրվագ հիշեցնեմ, որ յստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել են: Եղած իրական պարկուճները փոխարինվել են այլ պարկուճներով եւ նման այլ բազմաթիվ դեպքեր:

Պատկերացնել կարելի է, թե այս ամենը ինչ հետեւանքների է բերում: Բայց դա կապ չունի, այնքանով, որքանով ես կարող եմ դիրքորոշում արտահայտել իրավապահ մարմինների վերաբերյալ, իմ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է հասնենք լիարժեք եւ ամբողջական բացահայտմանը»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ համոզմամբ էր ժամանակին հայտարարում, որ գործը բացահայտված է, վարչապետը պատասխանեց. «Ես համոզմամբ այսօր էլ եմ հայտարարում, որ բացահայտված է: Դուք գիտեք, որ քրեական գործ է եղել, դատավարություն է եղել: Այն կարճվեց իրավկան մեկնաբանությունների բերումով, որն այլ հարթության խնդիր է: Երբ ասում եմ՝ բացահայտված է, նկատի ունեմ իրականությունը, ինչ քայլերի հերթականություն է տեղի ունեցել: Իվերջո, եկեք չմոռանանք, որ այդ քրգործի շրջանակներում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, պարզվել է, որ ապօրինի վճարումներ են արվել, որ դա արվել է բանակիհովանու ներքո: Հիմնական պատասխանատուները դատարանում էին, բայց հայտնի հանգամանքների պայմաններում փորձ է արվում այնպես անել… ես չեմ ուզում մեկնաբանել իրավական անբողոքարկելի որոշումներ, որոշում է կայացված, բոլորս պետք է ընդունենք ի գիտություն: Այդ թվում ՍԴ որոշումը, եւ այն որոշումները, որոնք բողոքարկելի չեն:

Մարտի 1-ը առնվազն մինչեւ կատարողների մակարդակ բացահայտված է: բուն կատարողները հայտնի չեն, իսկ մնացած շղթաները ոնց են աշխատել, իհարկե բացահայտված է»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ հետագայում այդ ամենը բացահայտված ներկայացվի հանրությանը, Փաշինյանն արձագանքեց. «Այդ հարցերին ես չէ, որ պետք է պատասխանեմ: Ես արդեն ասացի, որ իմ դիրքորոշումն այն է, որ այո, այդ ամենը պետք է բացահայտվի: Դա իրավապահներին խնդիրն է, իրենք պետք է այդ խնդիրը լուծեն»:

Հիշեցնենք՝ Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի երեկոյան ԶՈւ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էր 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

Please enter a valid URL