Նիկոլ Փաշինյանը լինի, թե մեկ ուրիշը, Արցախը իր չէ, որ հանձնեն: Այս մասին «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական Հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:
Ստորեւ ներկայացնում ենք մի հատված այդ հարցազրույցից.
Որպես ռազմական եւ քաղաքական գործիչ՝ ի՞նչ գործողություններ եք պատրաստ անել, եթե ՀՀ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գործնական փուլ է մտցնում Արցախի հանձնումը Ադրբեջանին:
Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանը լինի, թե մեկ ուրիշը, Արցախը իր չէ, որ հանձնեն։ Երկրորդ՝ Արցախը իր անկախությունը ձեռք է բերել միջազգային և սովետի բոլոր օրենքներին համապատասխան և դա քննարկման ենթակա չէ։ Ես ասել եմ՝ Արցախը լինելու է անկախ և անվտանգ պետություն և դրան մենք պետք է գնանք բոլոր ճանապարհներով՝ Ադրբեջանի հետ բանակցություններ տանելով, միջազգային իրավական ատյաններում և անվտանգային։ Հայաստանը և Արցախը պետք է գործեն Թուրքիայի և Ադրբեջանի նման «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Այսինքն՝ Հայաստանը ապահովում է Արցախի սոցիալական կայունությունը, մնացածը Արցախն է որոշում, Հայաստանն էլ օգնում է նրան։ Եվ իմ ամբողջ ջանքերը ուղղված են լինելու հենց սրան։
Արցախի հեռուստատեսությանը տված Ձեր վերջին հարցազրույցում՝ խոսելով Ադրբեջանի հետ փոխվստահության մասին, ասում եք՝ «ամեն ինչ չի, որ արտահայտվում է բարձրաձայն, հասկանում եք՝ ինչ եմ ուզում ասել». անկեղծ ասած՝ տպավորությունս է, որ համաձայն եք՝ Արցախն Ադրբեջանի կազմում տարբերակով ապրելուն, եւ դա փոխհամաձայնության հանձնաժողովը կկարգավորի: Ընդ որում, բացահայտ հայտարարում եք, որ ձգձգելը Ադրբեջանի օգտին չի: Այդ տպավորությունն է ամրապնդում նաեւ Կաշենի հանքի վերաբերյալ արված Ձեր հայտարարությունն այն մասին, թե տարբերություն չեք տեսնում՝ հանքի սեփականատերը անգլիացի՞ է, ադրբեջանցի՞, թե՞ թուրք:
Նախ՝ Դուք աղավաղում եք իմ արտահայտությունները։ Հարցազրույցում ես հստակ ասել եմ, որ Արցախը պետք է լինի ազատ և անկախ։ Ապա ավելացրել եմ, որ որպեսզի ուրիշի ձեռքին գործիք չդառնանք, պետք է ուղիղ բանակցություն սկսել Ադրբեջանի հետ և մեր շահերից բխող խնդիրներ լուծել։ Փոխվստահություն բառը կոնտեքստից մի կտրեք և ինտեգրացիայի տեղ մի ներկայացրեք։ Դրանք տարբեր բաներ են։ Կաշենի վերաբերյալ էլ եք կոնտեքստից կտրված հարցեր տալիս կամ էլ ուշադիր չեք նայել, թե ես ինչ եմ ասում։
Ես ասել եմ, որ Կաշենն Արցախի սեփականությունն է։ Սահմանադրության մեջ էլ պիտի փոխվի, որ ընդերքը ժողովրդին է պատկանում, ոչ թե պետությանը։ Հետո՝ Կաշենի հումքը տանում եք Ալավերդի, այնտեղ մշակում, տանում դուրս։ Ադրբեջանը հիմա փակել է ճանապարհը և թույլ չի տալիս, որ այդ հումքը Արցախից հանեք։ Ես էլ առաջարկել եմ տնտեսությունը աշխատեցնելու համար տեղում կաˊմ մենք պղնձաձուլարան կառուցենք, կաˊմ իրենք կառուցեն, կաˊմ դրսից ներդրում անեն, ժողովուրդը գործ ունենա, հարկերը մեզ մուծեն, վերջնական ապրանքը ստանանք Արցախում, վաճառենք Ադրբեջանին։ Նաև մոռանում եք, որ ես ասել եմ՝ դա իմ տեսակետն է, որը պետք է հղկել քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ, բերել վերջնական տեսքի և այդ փաստաթղթով խոսել Ադրբեջանի հետ։
Բոլորը՝ այդ թվում Դուք եւ Ռուբեն Վարդանյանը, հայտարարում եք, որ խնդիրը Արցախը փրկելն է. այդ դեպքում ինչո՞ւ չստացվեց Ձեր եւ Ռուբեն Վարդանյանի համագործակցությունը: Դուք ի սկզբանե վերապահումով էիք արտահայտվում նրա՝ Արցախ գալուն:
Որպես անհատ և պառլամենտական երկրորդ ուժի ղեկավար, պատրաստ եմ եղել աջակցել Ռուբեն Վարդանյանին։ Պետնախարար նշանակվելուց հետո նրա հետ հանդիպել եմ, պայմանավորվել ենք ծրագրային աշխատել։ Ես իմ մասը արել եմ, ծրագրեր եմ ներկայացրել, ասել եմ՝ կուսակցությունը քեզ աջակցելու է, բայց իր կողմից գործնականում ոչինչ չի արվել։ Համարում եմ պատճառը նա, որ չի կարողացել ազատ գործել այն մարդկանցից, ովքեր իրեն քավոր են կանգնել Արցախում։ Ինքը, օրինակ, հայտարարում էր, որ խորհրդակցում է նախկին նախագահների հետ, նրանց հետ կանգնում էր միևնույն շարքում և այլն։ Դա էլ նրանց վերարտադրվելու հույսեր էր տվել։ Իմ դեպքում այլ է՝ ես որ գամ, բոլորը պիտի պատասխան տան, թալանածը հետ տան մեր ժողովրդին։
Իր վերջին հարցազրույցում Ռուբեն Վարդանյանը ասել է, որ չի կարողացել կառավարման համակարգում բան փոխել, որովհետև նախագահի և իր մոտեցումները չեն համընկել։ Հիմա ես էլ ասում եմ՝ բա քեզ ո՞վ է խանգարել հենվել մեր կուսակցության վրա, որպեսզի սաղ ռեֆորմը անես։