Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 81-ամյա Էմիլ Բուդաղյանի վարած Mercedes G500 մակնիշի 444 OQ 44 համարանիշի և 25-ամյա Հարություն Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 10 MN 066 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, վարորդ Է․ Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Է․ Բուդաղյանը ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրն է։
Գեներալ-մայորը 2013 թվականին ծանր վիրավորվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպ ժամանակ։