Search
Close this search box.

Բայրամով . «Լաչինի շրջանում ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի բացումը կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում

Ադրբեջանը Հայաստանի հետ «առցանց դիվանագիտության» է անցել՝ բանակցությունների անցկացման շրջանակներում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հիմա, եթե կարելի է այդպես ասել, մենք այս ոլորտում անցել ենք առցանց դիվանագիտության։ Մենք միմյանց փոխանցում ենք մեր պայմանները։ Բայց ժամանակը ցույց կտա, թե որքանով դա արդյունավետ կլինի»,- ասել է նա:

Բայրամովի կարծիքով`«Լաչինի շրջանում ադրբեջանա-հայկական սահմանին անցակետի բացումը կնվազեցնի լարվածությունը տարածաշրջանում»:

«Բոլորը կտեսնեն, որ Լաչինի ճանապարհով երթեւեկությունն իրականացվում է եռակողմ հայտարարության պահանջներին համապատասխան»,- ասել է նա։

Նրա խոսքով, «կետեր ստեղծելու առաջարկն Ադրբեջանի միջազգային գործընկերների կողմից ընկալվել է որպես առողջ եւ կառուցողական»։

«Երկրորդ պահն այն է, որ Հայաստանի մոտեցումներում մեծ հակասություններ կան։ Հակասությունն այն է, որ Հայաստանը, մի կողմից, միջազգային բոլոր հարթակներում բարձրացնելով խնդիրը, ցանկանում է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, իսկ մյուս կողմից, երբ Հայաստանին առաջարկվում է կառուցողական երկխոսություն, նա անհիմն կերպով խուսափում է դրանից»,- հայտարարել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 16-ին կառավարության նիստում ասել էր, որ Երևանն ավարտել է Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների հերթական փուլը՝ իր առաջարկները փոխանցելով ադրբեջանական կողմին։ Նա հավելել էր, որ խոսքը ամբողջական պայմանագրի նախագծի մասին է։ Փաստաթուղթը փոխանցվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին։

Please enter a valid URL