Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 5 անձ այսօր՝ փետրվարի 26-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Հինգ բուժառուներ ուղեկցողների հետ տեղափոխվել են Հայաստան՝ հետազոտման և հետագա բուժման համար, բոլորն էլ շտապ բուժօգնության կարիք ունեն»,- ասաց Ամատունին։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով Հայաստան է տեղափոխվել 129 հիվանդ։
Բացի այդ, երեկ՝ փետրվարի 25-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները ընտանիքիների վերամիավորման ծրագրի շրջանակներում քաղաքացիներ են տեղափոխել ինչպես Հայաստանից Արցախ, այնպես էլ հակառակ ուղղությամբ։