Առնվազն տարակուսելի է, երբ հասարակության քաղաքականացված սեգմենտի ներկայացուցիչները պահանջում են բացել Լաչինի միջանցքը, չմանրամասնելով միջանցքի բացման ձևաչափը:
Լավ, դուք չգիտե՞ք, որ միջանցքը, նույնիսկ՝ «բացվելու» դեպքում, չի ունենալու այն բովանդակային ձևը, որն ունեցել է, օրինակ՝ 2022թ դեկտեմբերի 11-ին (2020թ սեպտեմբերի 26-ը չեմ էլ հիշատակում):
Ավելին՝ բոլորդ լավ գիտեք, որ անգամ Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի վերաբերյալ միջանկյալ որոշումը ևս մեզ չի վերադարձնելու 2022թ դեկտեմբերի 11-ին եղած «երանելի» վիճակին:
Այդ դեպքում, ի՞նչն եք ցանկանում բացել և ի՞նչ ձևաչափով:
Կարծում եմ, որ «բացվելու» դեպքում, Լաչինի միջանցքում ադրբեջանցիներն ու ռուսները անցակետեր են տեղադրելու և մեզանից շատերը (մեծամասնությունը) չեն կարողանալու Արցախում հյուրընկալվել: Իսկ բեռներն այնպես, ինչպես այսօր կտեղափոխեն ռուս խաղաղապահները: Արդյո՞ք մեզ այդպիսի «բացում» է անհրաժեշտ: Դա կարող է ժամանակավոր, սակայն ոչ համապարփակ լուծում հանդիսանալ: Հետևաբար՝ հանրությանը ճիշտն ասեք: Բառերն իրենց անուններով կոչեք:
Օրինակ՝ ասեք, որ միջանցքն իրականում կբացվի, երբ մենք բոլորս հստակ պատկերացնենք, թե ինչպիսին ենք ցանկանում տեսնել Արցախի ապագան: Ի՞նչ է մեզ համար Արցախը՝ Հայաստա՞ն, ԼՂՀ՞, Ռուսաստա՞ն, Ադրբեջա՞ն, թե՞ Լուգանդոն: Ասեք, որ հանրությունն այս հարցին պետք է պատասխանի այնպես, ինչպես պատասխանեց 1988թ այս օրերին: Եվ, հավատացրեք հանրությանը, որ նրա պատասխանից է կախված Լաչինի միջանցքի գործունեության ձևաչափը: Վստահեցրեք նաև, որ նույն Արդարադատության միջազգային դատարանը վճիռներ կայացնելիս, անկասկած հաշվի է առնում կողմերի հաստատակամությունը: Ի դեպ, հաստատակամությունը բոլորն են հարգում:
Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան