Search
Close this search box.

«Հրապարակ». Հաջորդ կանգառը՝ Հայաստան

Արցախի արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի  «հրաժեշտի» ուղերձը լուրջ հիասթափություններ է առաջացրել Արցախում։ Չնայած Վարդանյանը հայտարարեց, որ մնալու է Արցախում, որովհետեւ չի պատկերացնում իրեն առանց Արցախի, սակայն իր պաշտոնանկության վերաբերյալ անատամ հայտարարություններն արցախցիներին այլեւս հույս չեն ներշնչում, որ Վարդանյանը կարող է Արցախի վերածննդի պայքարն առաջնորդել։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ Վարդանյանի հետ շատերն էին հույս կապում, նա Արցախում պայքարի ոգի էր արթնացրել, նախկին պետնախարարի՝ օրվա իշխանություններից տարբերվող դիրքորոշումները ոգեւորել էին մարդկանց, մասնավորապես՝ որ չպետք է բանակցել Ադրբեջանի ցանկալի օրակարգով եւ պետք է դիմադրել՝ անվերապահ չկատարելով ադրբեջանցիների պահանջները։

Ոմանք հիշում են Ռուբեն Վարդանյանի նախկին հայտարարությունները՝ քաղաքականություն մուտք գործելուց հինգ պակաս, թե պատրաստ է մինչեւ անգամ բանտ նստել, եթե քաղաքական պայքարը գնա ոչ օրինական դաշտում։ Նաեւ նկատում են, որ այսօր Ռուբեն Վարդանյանն անգամ թեթեւակի չընդվզեց իր «ապօրինի» ազատման դեմ, ճիշտ հակառակը՝ մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց իր ազատման հրամանագիրը ստորագրած «պարոն նախագահին», ընդգծեց, որ եղել է նրա հավատավոր «զինվորը»։ Կարող էր գոնե Իլհամ Ալիեւին ու իր հրաժարականը տենչացող Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բաներ հասկացնել, բայց ոչ մի քննադատություն Հայաստանի իշխանությունների հասցեին, անգամ Ադրբեջանի հասցեին թթու խոսք չասաց։ Կարող էր գոնե ասել, որ իր նախաձեռնությամբ հրաժարականի դիմում չգրելու պատճառն այն էր, որ ակամայից չկատարի Ադրբեջանի պահանջը, ընդամենն ասաց․ «Դրսի ճնշումն իսկապես շատ մեծ էր, պարոն նախագահն ավելի շատ տեղեկություն ունի եւ հասկանում է իրավիճակը․․․․ Ուզում եմ, որ պարզ լինի, ես համարել եմ, որ զինվոր եմ, չեմ կարող հրաժարական տալ, եթե պետք է՝ գլխավոր գերագույն հրամանատարը պետք է ինձ ազատի գործից»։

Ռուբեն Վարդանյանի այս վախվորած ուղերձից հետո շատերը վստահ են, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ Ռուբեն Վարդանյանի քաղաքական հայտն Արցախում եւ Հայաստանում այլեւս չի հաջողելու, եւ միակ բանը, որ կարող է նա անել, բարեգործությամբ զբաղվելն է, ինչի մասին բաց տեքստով հայտարարեց նաեւ Վարդանյանը։ «Ես ուրախությամբ կշարունակեմ զբաղվել այն գործունեությամբ, որն իրականացրել եմ մինչ այս։ Մեր հիմնադրամը՝ «Մենք ենք, մեր սարերը» գործակալությունը, արդեն բավական ծրագրեր արել է։ Պետք է ասեմ, որ դա պետական եւ մասնավոր հատվածի, Հայաստանի, սփյուռքի, հայկական եւ ոչ հայկական հասարակական կազմակերպությունների միջեւ շատ կարեւոր համագործակցության օրինակ էր։ Կարծում եմ՝ դա շատ կարեւոր է, որովհետեւ եթե մենք խոսում ենք ապագայի մասին, շատ կարեւոր է, որ այդ համագործակցությունը շարունակվի»,- ասաց նա։ 

Իսկ քաղաքական քայլերը հաջորդիվ արվելու են Արցախից դուրս՝ Հայաստանում։ Վարդանյանին մոտ կանգնած մեր աղբյուրներն ասացին, որ նրա թիմը հիմա լրջորեն պատրաստվում է Երեւանում սպասվող քաղաքապետի ընտրություններին։ Դրանք սոսկ հերթական ընտրություններ չեն լինելու, այլ նաեւ վճռելու են Հայաստանում ընդդիմության առաջնորդության հարցը։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած խորհրդարանական ընդդիմությունը 2021 թվականի համապետական ընտրություններից հետո մսխել է իր քաղաքական կապիտալը եւ վաղուց այլեւս գործոն չէ ներքաղաքական տիրույթում, հիմա էլ ճիշտ կլինի՝ չմասնակցեն այդ ընտրություններին, որ ներկա-նախկին թեման Փաշինյանը նորից չխաղարկի։ Բայց Երեւանի ավագանու ընտրությունները լակմուսի թուղթ են դառնալու քաղաքական խաղացողների համար։ Ով կարողանա իր շուրջն ամենամեծ եւ կենսունակ կոնսոլիդացիան ձեւավորել եւ դառնալ իշխանության հիմնական մրցակիցը, առաջիկա տարիներին նա էլ կզբաղեցնի դաշտը։

Չի բացառվում, որ սա հաշվի առնելով՝ Ռուբեն Վարդանյանը չլարեց հարաբերությունները ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ իշխանությունների հետ, չդիրքավորվեց «սեւերի» դաշտում, որպեսզի կարողանա մանեւրել եւ դիրքավորվել սեւերի ու սպիտակների արանքում։ Նրա քաղաքական ամբիցիաների մասին է հուշում նաեւ այն, որ Վարդանյանի գրասենյակը զբաղեցրել է ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին պատկանող «Ռոսիա» ռեստորանային համալիրի հարկերից մեկը։ Արդեն հայտնի է, որ Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու ցուցակն ընտրություններին գլխավորելու է Մանե Թանդիլյանը, բայց այդ որոշումը փոխելու համար դեռ ժամանակ կա։

Please enter a valid URL