Search
Close this search box.

Մեր բացթողումն այն է, որ չկարողացանք հեռացնել իշխանություններին. Սեյրան Օհանյան

Ընդդիմության հիմնական բացթողումն այն է, որ չկարողացավ վերացնել ներկա իշխանություններին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով`բացի խորհրդարանում հայտարարություններից, նախաձեռնություններից, իրենք նախաձեռնել են «Դիմադրություն» շարժումը, որին կարող էր միանալ ցանկացած ընդդիմադիր կեցվածք ունեցող ուժ և իր ներդրումն ունենալ։
«Մենք կարողացանք Հայաստանում գեներացնել պայքարի ներուժը և թույլ չտալ իշխանություններին, որ նրանք ժամանակից շուտ ինչ-որ այլ գործողություններ ձեռնարկեն։ Ինչ վերաբերում է մարտավարական գործողություններին՝ ինչ – որ գյուղի հանձնմանը, սահմաններին տիրող իրավիճակին, ապա դա իշխանության պատասխանատվության ոլորտում է»,-ասաց Օհանյանը` հավելելով, որ եղել են նաև թերություններ։

Մասնավորապես, Օհանյանի դիտարկմամբ, ընդդիմադիր դաշտում ամբողջությամբ չստեղծվեց այն ուժը, որը կարող էր իրական դիմադրություն ստեղծել, իրական մեծ ներուժ լինել և թույլ չտալ իշխանություններին այլ քայլեր կատարել։

«Մենք թերացել ենք, որ չկարողացանք հեռացնել այն իշխանություններին, որոնք Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում, մեր երկրի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին համահունչ որոշումներ չեն ընդունում»,–ասաց նա:

ՀՀ պաշտպանության նախկին նախարարի կարծիքով` ողջ ընթացիկ բանակցային գործընթացը ցույց է տալիս, որ հայկական ղեկավարությունը չի թաքցնում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր ծրագրերը:

Please enter a valid URL