Ադրբեջանը չի բանակցում խաղաղության համար, նա բանակցում է պատերազմում ձեռք բերած իր ավարը օրինականացնելու, ֆորմալիզացնելու եւ դրան միջազգային ճանաչում տալու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:
«Մենք պետք է գիտակցենք, որ պատերազմի վախը, որ մեր մեջ սերմանել ենք, դա Ադրբեջանի ձեռքին դարձել է մի այնպիսի զենք, որով մեզ սպառնում է եւ պարտադրում է իր կամքը: Վերջին վկայությունը Ռուբեն Վարդանյանի ազատումն է: Մենք ջրեցինք այն հաջողությունը, որ վերջին օրերին ունեցանք:
Ռուբեն Վարդանյանի գնալով, ենթադրում եմ, պայմանն այն էր, որ Ադրբեջանը պետք է սահմանը բացի, բայց նույն Ռուբեն Վարդանյանին դուրս մղելու օրը եղավ միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում է Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը: Հիմա եթե Լաչինի միջանցքը բացվի, դա դատարանի որոշմամբ բացվեց, թե՞ Ռուբեն Վարդանյանի գնալով: Մենք Ռուբեն Վարդանյանին աշխատանքից ազատելով ջրեցինք այդ ձեռքբերումը, որ ունեցանք միջազգային դատարանում»,-ասաց նա: