Search
Close this search box.

Կրակոցներ Երևանում․ ռեստորանում հարսանեական արարողությունն ավարտվել է ծեծկռտուքով, հնչել են կրակոցներ

Երեկ՝ փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մի քանի քաղաքացիներից, րոպեների տարբերությամբ, ահազանգ է ստացվել, որ Կիևյան փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ հնչել են կրակոցներ և սպիտակ գույնի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու։

Shamshuan.com-ի փոխանցմամբ՝ մինչ Ոստիկաններն ու քննիչներն աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, ովքեր հայտնել են, որ վնասվածքները ստացել են վրաերթի ենթարկվելուց հետո։ 

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 25-ամյա Քրիստինա Ս․-ն է և 90-ամյա Ծովինար Շ․-ն։ 

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնությունն էին ցուցաբերում վիրավորներին, ոստիկանները տաք հետքերով, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Կիևյան 1 հասցեում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից։ 

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ Կիևյան 1 հասցեում գործող «Լա Վիստա» ռեստորանային համալիրում տեղի ունեցած հարսանեկան արարողության մասնակիցներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Կարեն Մինասյանը, 37-ամյա Դավիթ Բուռնազյանը, 38-ամյա Նարեկ Դաբաղյանը անձնական հարցերի շուրջ վիճաբանել են նույն հարսանեկան արարողության մասնակիցներից Երևանի բնակիչ 29-ամյա Անդրանիկ Ասատրյանի, Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Էդգար Ասատրյանի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 25-ամյա Հակոբ Մանուկյանի հետ։ 

Վիճաբանությունն այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ փոխադարձ հնչեցրել են հայհոյանքներ, այդ կերպ կոպտորեն խախտելով հասարակական կարգը։ Վիճաբանության ընթացքում Կ․ Մինասյանն իր մոտ պահվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել, ապա նստել իր կողմից շահագործվող Opel մակինշի ավտոմեքենան և սկսել անկանոն վարել, այդ ընթացքում վրաերթի ենթարկելով Քրիստինա Ս․-ին և Ծովինար Շ․-ին, այնուհետև հեռացել։ Հասնելով Կոմիտասի պողոտա 16 հասցե, այնտեղ ևս կրակոց է արձակել ու վերադարձել Կիևյան փողոց 1 հասցե։ Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են վթարված Mercedes մակնիշի ավտոմեքենա, որին, ըստ օպերատիվ տեղեկությունների՝ բախվել է Կ․ Մինասյանն իր Opel մակնիշի ավտոմեքենայով։ 

Կիևյան 1 հասցեի դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ պարկուճ, Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, ինչպես նաև կոտրված ծաղկամաններ։Opel-ի դիմապակու վրա էլ հայտնաբերվել է հող, որն ըստ տեղեկությունների՝ ծաղկամանների միջից է լցվել մեքենայի վրա, երբ մարդիկ, բարկացած, ծաղկամաններ են նետել Opel-ի ուղղությամբ։

Նշված անձինք ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։ Ֆոտոլրագրողը հայտնում է  նաև, որ վրաերթի ենթարկվածները հարսնաեկան արարողության մասնակիցներից են եղել։ 

Please enter a valid URL