Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որն առողջական խնդիրների պատճառով բանտից տեղափովել է «Վիվամեդ» կլինիկա, ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իր առողջական վիճակի վերաբերյալ:
«Մենք գտնվում ենք ինձ սպանելու հատուկ գործողության վերջին փուլում, և դրանում ներգրավված են բոլորը՝ «խորհրդարանականները», «լրագրողները», իսկ այժմ՝ կլինիկան»,- գրել է նա:
Սաակաշվիլիի խոսքով՝ «Վիվամեդ» կլինիկան հրաժարվել է բուժել նրա հիմնական հիվանդությունները, մասնավորապես՝ ծանր մետաղներով թունավորումը, անորեքսիան և կախեքսիան։
««Վիվամեդ» կլինիկայի բժիշկների ասուլիսում միակ ճշմարտությունն այն էր, որ իմ վիճակը ծանր է և սրընթաց վատանում է, և որ կլինիկան գործնականում ոչինչ անել չի կարող։ Մնացած ամեն ինչ սուտ էր։ Այս կլինիկան հրաժարվել է բուժել իմ հիմնական հիվանդությունները։ Մասնավորապես բուժել ծանր մետաղներով թունավորումները, անորեքսիան և կախեքսիան:
Ոչ ոք չի ուզում ինձ պես ապրել։
Ես ուզում եմ սպասել մինչև Ուկրաինայի հաղթանակը, որը մոտ է, և տեսնել բոլոր պուտինիստների վերջը։
Ցանկանում եմ դիմել օլիգարխի շնիկին՝ ես Վրաստանից ոչ թե 1 միլիոն, այլ նույնիսկ 1 թեթրի չեմ արտահանել, և եթե ինչ-որ տեղ այդքան փող ունենայի, վերջին հողամասը չէի վաճառի, որպեսզի ծածկեմ փաստաբանների ծախսերը…
Ես կոչ եմ անում Վրաստանին և աշխարհին թույլ չտալ այս հանցավոր կորպորացիային իրականացնել իր չար մտադրությունները»,- գրել է Միխեիլ Սաակաշվիլին սոցցանցում։