Բանակում տարբեր տարիներին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները՝ սեւազգեստ մայրերը, Փետրվարի 7-ին ԱԺ-ի դիմաց հավաքված՝ հանդիպում էին պահանջում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ: Ծնողների հետ հանդիպեց Ալեն Սիմոնյանը եւ հորդորեց, որ գլխավոր դատախազն այդ օրը չի կարող նրանց հետ հանդիպել։ Մինչդեռ ծնողներն ասում էին, որ Աննա Վարդապետյանը պետք է գա, պատասխան տա, քանի որ դատախազ ընտրվելիս իր ելույթում խոստացել էր բացահայտել այդ գործերը։ Մենք հետաքրքրվեցինք՝ այս 2 շաբաթվա ընթացքում ծնողները հանդիպե՞լ են դատախազի հետ։ 2010 թվականին խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը, ով ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց իր բողոքի ձայնն է բարձրացնում, ասաց, որ «սայլը տեղից չի շարժվում»: Ի դեպ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ դեռեւս չի բարեհաճել ընդունել Ազատ գյուղում զոհված զինծառայողների ծնողներին, չնայած նրանք գրավոր դիմել են ՊՆ եւ Զինվորական դատախազություն` խնդրելով նախարարի եւ զինդատախազի հետ հանդիպում: Մենք զրուցել ենք Իրինա Ղազարյանի հետ:
— Փետրվարի 7-ին ԱԺ-ի մոտ դուք հանդիպում էիք պահանջում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, սակայն այդ օրը Ձեզ չընդունեցին: Անցել է երկու շաբաթ, ընդունելության արժանացա՞ք:
— Հանդիպում չի կայացել, Աննա Վարդապետյանն ասել է՝ ժամանակ տվեք, բայց արդեն 2 շաբաթ է անցել, մեզ ոչ մեկը չի ընդունել, այն դեպքում, երբ այդ նույն Աննա Վարդապետյանը հայտարարել է, որ իմ երեխայի գործը, դրան գումարած եւս չորս գործ իր օժիտն է, եւ որ դրանք բացահայտված են՝ ինքը պետք է ընթացք տար, փոխեր վարկածը, ուրիշ ոչ մի անելիք չկա: Աննա Վարդապետյանը գիտի, որ մեր տղաներին սպանել են:
— Ե՞րբ է Վարդապետյանն ասել, որ այդ գործերը բացահայտված են:
— Այն ժամանակ, երբ մտել էինք Նիկոլ Փաշինյանի մոտ, դա Աննա Վարդապետյանի՝ դատախազ դառնալուց որոշ ժամանակ առաջ էր: ԱԺ-ում էլ նշել է, որ մեր տղաների գործերն իր օժիտն են: Ի՞նչ եղավ այդ օժիտի հետ, ինչո՞ւ ոչինչ չի արվում: 3 դիմում ենք ներկայացրել Աննա Վարդապետյանին, որպեսզի մեզ ընդունի, սակայն չի ընդունել: 6 ամիս առաջ մեզ խոստացավ, որ հենց դատախազ դառնա, մեզ անձամբ կընդունի, ինչո՞ւ չի ընդունում: 6 ամիս շարունակ չկարողացա՞վ ինչ-որ բան անել:
— Ձեր դիմումներին չե՞ն արձագանքել:
— Ոչ, երկու անգամ էստեղ-էնտեղ են ուղարկել, բայց մենք ոչ մեկին տեսնել չենք ուզում, ուզում ենք միայն Աննա Վարդապետյանին տեսնել, նա էլ մեզ չի ընդունում: Լավ էլ գիտի, թե մեր պահանջն ինչ է, պետք է ընդամենը վարկած փոխի, պարզ երեւում է, որ մեր տղաներին սպանել են: Մեր` 5 ծնողների պահանջն այն է, որ փոխեն մեր տղաների մահվան վարկածները: Աննա Վարդապետյանը մեզ անձամբ ասել է, թե պարզ երեւում է, որ մեր տղաներին սպանել են, դե հիմա թող այդ պարզն այնպես անեն, որ փոխվի վարկածը, այդքան մի բան: Իմ որդուն` Արթուր Ղազարյանին, սպանել են, ես ի՞նչ եմ պահանջում՝ սպանության բացահայտումից բացի:
— Ներկա դրությամբ ո՞րն է, ըստ դատախազության, Ձեր որդու մահվան վարկածը:
— Իբր հիվանդացել եւ մահացել է: Իբր գլխուղեղի քաղցկեղ է եղել, բայց ոչ մի ուռուցք չի եղել, անգամ դատաբժշկական փորձաքննության արդյունքներով: Ոչ մի հիվանդություն: Իմ տղայի գլխին բութ գործիքով հարվածել են, արյան զեղում է առաջացել, ու մահացել է…. եթե կարողանային ապացուցել ինչ-որ բան, ծնողը հազար տարի փողոցներում չէր թափառի: Դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերին, քանի՞ տարի է անցել…. մենք ամեն հինգշաբթի կառավարության շենքի դիմաց ակցիա ենք իրականացնում: Գլխավոր դատախազն ամեն ինչից լավ տեղյակ է, ամեն ինչ լավ տեսնում է, մեքենայով անգամ անցավ, տեսավ մեզ, բայց իրեն ձեռք չի տալիս, որ մեր գործերը բացահայտվեն, ինչ-որ մեկն Աննա Վարդապետյանին ասում է՝ ստոպ տուր, մի բացահայտիր սպանության գործերը: Եթե մեր գործերը բացահայտվեն, պետք է Ազատ գյուղի տղաների մահվան հանգամանքներն էլ բացահայտվեն: Ամեն օր մի վերսիա են փոխում Ազատ գյուղի հետ կապված, բայց հո էդպես չէ՞, բոլորս էլ գիտենք, թե ինչ է եղել, դա էլ է սպանություն:
— Ազատ գյուղում մահացած զինվորների ծնողներն էլ Սուրեն Պապիկյանից են հանդիպում պահանջում, նորից արձագանք չկա: Ինչո՞վ է պայմանավորված իշխանավորների այս մեծամիտ կեցվածքը:
— Սուրեն Պապիկյանը պիտի գլուխն էլ պատին տար, ընդուներ այդ ծնողներին: Պետք է չոքեն ծնողների առաջ, ասեն՝ կներեք, ոչ թե այսպես անեն: Ի՞նչ է դուրս գալիս՝ երեխա ենք բանակին տալիս, որ անգամ դիա՞կ չտան: Տիկին Վարդապետյանը պետք է մեզ պատասխան տա: Ինձ ասում էր` վայ, տիկին Իրինա, ո՞նց կարող է պատահի, որ զինվորի դիակը բերեն տաքացնեն: Բա որ էդքան բան գիտես, որ անգամ դիակները տաքացրել են, ինչո՞ւ գործին ընթացք չես տալիս: Նախքան դատախազ դառնալն Աննա Վարդապետյանը շատ լավ գործ էր անում, ամեն ինչով էր լավը, լավ ուսումնասիրեցին մեր գործերը, ամեն ինչով, մինուս չկար, ոչ մի թերություն, մենք շատ գոհ էինք, մտածում էինք՝ լրիվ բացահայտվում է, մեզ ասում էին` էս ինչե՞ր են կատարվել, էսքան բացթողում ո՞նց է եղել: 47 հոգու մատը խառն է էս գործերին․ Սեյրան Օհանյան, Կոստանյան, քննիչներ, դատախազ եւ այլն: Բա դրանք չպե՞տք է պատասխան տան: Սեյրան Օհանյանը Վովա Գասպարյանի հետ գնացել է դեպքի վայր` Հադրութ: Հիմա ինչո՞ւ պատասխան չեն տալիս, նույն Վովա Գասպարյանն այն ժամանակ ռազմականում էր: Ո՞ւր են էսքան ժամանակ: Բարդակ լրիվ…. բանակով զխտկվում ու լափում են: Աննա Վարդապետյան, ինչո՞ւ մեր գործերը չես բացահայտում: Ինքդ ուսումնասիրել ես մեր գործերը՝ նախքան դատախազ նշանակվելը, եղել ես փաստաբան, հրաշալի գիտես, որ սպանություններ են տեղի ունեցել: Որդուս դիակը տաքացրել են` Մուրացանի հոսպիտալում, որ չասեն՝ Ղարաբաղում է մահացել, այլ ասեն՝ մահացել է հոսպիտալում: Այն ժամանակ անօրինական կերպով էին երեխաներին Ղարաբաղ տանում: Էնքան որ ծնողի ձեռքից տանում էին: Դատարկ բլանկ էին տալիս երեխեքին, ստորագրում էին վրան, որ իբրեւ երեխաները կամավոր գնում են Ղարաբաղ: Բայց Ղարաբաղը քո՞նն ա եղել, Սերժը փաստացի կանգնեց ասաց, որ Ղարաբաղը մերը չէ, բա եթե մերը չէր, իմ երեխու կյանքը խի՞ խլեցին: Ո՞վ էր էդ իրավունքը տվել: Մեկ առ մեկ պետք է բոլորը պատասխան տան:
— Ձեր վարկածը ո՞րն է:
— Դեկտեմբերի 14-ի երեկոյան իմ տղան հետս խոսեց, ասաց՝ մամա, Ջհանգիրյան Մարտինը հրաման է տվել՝ թուրքերի հետ նարկոտիկի վաճառք անենք, ասացի, վայ, Արթուր ջան, զգույշ մնա, էս ի՞նչ ես ասում: Ամսի 15-ին ու 16-ին հեռախոսը չի զանգում, 17-ին երեխուս մահացած բերեցին Մուրացանի հոսպիտալ: Ես հիմա պիտի թողնեմ, որ Աննա Վարդապետյանն ինչ ուզի, անի՞, չէ…. Նիկոլին նա անձամբ ասել է, որ մենք ճիշտ ենք, որ սպանություն է տեղի ունեցել, դե թող հիմա կանգնի ու հայտարարի, որ փոխվում է մահվան վարկածը: Մեզ պետք չէ, որ մեր գործերն իրեն օժիտ պահի: