Search
Close this search box.

Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ է Սամվել Բաբայանը եկել, ի՞նչ նպատակ կա, արդյոք ինչ–որ վտանգներ են սպասվում էս միասնությունից. Արցախի պատգամավոր

Ռուբեն Վարդանյանին ազատելով Արցախի պետնախարարի պաշտոնից, Արցախի նախագահը կատարում է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների պահանջը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

«Հերթական անգամ փաստում ենք, որ մենք կամային հատկություններով օժտված նախագահ չունենք։ Բոլոր խնդիրները Արայիկ Հարությունյանը լուծում է անձերի տեղափոխություններով, բայց ավելի է խորացնում Արցախի ներքաղաքական ճգնաժամը։ Նախագահը երբ դեռ վարչապետ էր, իր թերությունները բարդում էր ուրիշների վրա ու ազատվում նրանցից, հետո նոր նշանակումներ անում, սա էլ բացառություն չէ։ Ինքը Ռուբեն Վարդանյանին նույնպես նշանակել էր անձնական շահերից ելնելով, վաղուց Արայիկ Հարությունյանը լեգիտիմ չէր, բայց կրիտիկական պահերին նման լուծումներ է գտնում, այդ դեպքում էլ ամենահաջող տարբերակը Վարդանյանն էր։ Արայիկ Հարությունյանը այդ կերպ փորձում է շրջանցել այն դժգոհությունները, որոնք կան իր շուրջ»,– ասում է պատգամավորը։

Անդրադառնալով գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի՝ Արցախի պետական նախարարի պաշտոնում հնարավոր նշանակման լուրերին, Մետաքսե Հակոբյանը կարծիք հայտնեց, որ գլխավոր դատախազի պաշտոնում նրա գործունեությունն այս երկու տարիների ընթացքում արդյունավետ չի եղել։

«Մենք էդպես էլ չտեսանք որեւէ վարույթ, որն իր հանգրվանին հասնի։ Այս դեպքում էլ Արայիկ Հարությունյանը փոխարինողներ է փնտրում, որ իր անձի շուրջ իրավիճակը հանդարտանա եւ ինքը պահպանի իր իշխանությունը»,– նշում է Մետաքսե Հակոբյանը։

«Արդարություն» խմբակցություն քարտուղարը Արցախում տիրող իրավիճակը նկարագրում է մեկ բառով՝ փոթորիկ, ապա ավելացնում՝ այդ տեսանկյունից կեղծ է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե իր ներկայությամբ ինքն Արցախում հանգստություն է ապահովում։ Բաբայանի ու Արցախի նախագահի միասնության մեջ վտանգներ է տեսնում ընդդիմադիր պատգամավորը։

Նշենք՝ Սամվել Բաբայանը նախօրեին Արցախի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել է, որ իշխանություններին իր պատրաստակամությունն է հայտնել զբաղեցնել պետնախարարի պաշտոնը։

«Բոլորին թվում է, թե Արցախը փորձադաշտ է ինքնահաստատվելու համար, հերթով գան 100 օր պաշտոնավարեն, գնան ու Արցախում ճգնաժամը խորացնեն։ Անկախ այն հանգամանքից՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հաջողե՞լ է, թե՝ ոչ, բայց այս պարբերական բնույթ կրող նշանակումները քաոս են առաջացրել երկրում։ Արցախի նախագահի խոսքն ու գործողությունները իրար հետ չեն բռնում։ Բաբայանը 2020 թվականի նոյեմբերի 9–ից հետո չի ընկալվում Արցախում, կարծում եմ ՝ նրա նշանակումը դժգոհություն կառաջացնի։ Բացի այդ, ես չգիտեմ, թե ինքը էդ որտեղ է հանդարտություն մտցրել, ավելին՝ Արցախում փոթորիկ է, որը խորանում է օրեցօր։ Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչո՞ւ է Սամվել Բաբայանը եկել, ի՞նչ նպատակ կա, արդյոք ինչ–որ վտանգներ են սպասվում էս միասնությունից։ Սրա մեջ հանրությունը, քաղաքական առողջ ուժերը վտանգ են տեսնում, որովհետեւ այս նույնը կրկնվեց նաեւ պատերազմից առաջ ու պատերազմի ընթացքում ունեցանք խայտառակ իրավիճակ։ Հիմա նորից փորձում են ստեղծել նույն իրավիճակը, ու տեսնում ենք արդեն, որ թշնամի երկիրը ագրեսիվ գործողությունների է գնում՝ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ։ Իսկ այս ճգնաժամային փուլում պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարողացավ կառավարել, որ քաոս ու խաճապ չառաջանա բնակչության մեջ, մարդիկ պինդ են, իսկ հիմա անհանգստություն ունեն Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության հետ կապված»,– ասում է Հակոբյանը։

Մետաքսե Հակոբյանը, սակայն, դժվարանում է ասել՝ Արայիկ Հարությունյանը ում մեջ ընտրություն կանի՝ Սամվել Բաբայանի՞, թե՝ Գուրգեն Ներսիսյանի։

«Արայիկ Հարությունյան անկանխատեսելի է։ Բայց մյուս կողմից էլ ինքը վախեր ունի՝ պայմանավորված շորթումների հետ։ Դեռ նախորդ տարվա ամռանը՝ մենք նախաձեռնությամբ էինք հանդես եկել, որ քննիչ հանձնաժողով ստեղծվի ու հիմնադրամներոմ ստուգումներ իրականացվեն, բայց խայտառակ իրավիճակ ստեղծվեց, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարն ամեն ինչ արեց, որ այդ հանձնաժողովը չստեղծվի։ Ներկայիս դատախազն ու պետնախարարը էդպիսի գործընթաց էին սկսել, փորձում էին բացահայտել շորթումները։ Վստահ եմ՝ իրենք բավականաչափ ինֆորմացիա ունեն, թե ինչ խայտառակ շորթումներ են կատարվել ու ինչպես է դա ներկայիս իշխանությունը երկար ժամանակ օգտագործել որպես սեփական գրպանի պարունակություն։ Կարծում եմ՝ դրանից ելնելով է, որ Արայիկ Հարությունյանը հակված է Գուրգեն Ներսիսյանին նշանակել պետնախարարի պաշտոնում, որ ազատվի գլխավոր դատախազի հետաքրքրվածությունից։ Բայց կրկնում եմ՝ Արայիկ Հարությունյանի խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում, ինքն անկանխատեսելի է»,– ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Please enter a valid URL