Search
Close this search box.

Գրիգորի Խաչատուրովը չի կալանավորվի. միջնորդությունը մերժվեց

3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը չի կալանավորվի։ Միջնորդությունը մերժելու որոշումը քիչ առաջ կայացրեց Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
Խաչատուրովը դատարանի դահլիճից ազատ կարձակվի։

«Դեռ չեմ հասցրել կարդալ, թե ինչ հիմքով է, բայց միջնորդությունը մերժվել է։ Չգիտեմ հիմնավոր կասկածով է մերժվել, թե հիմքերով։ Որոշմանը կծանոթանամ, ու հայտարարություն կտարածենք այդ մասին»,– ասաց փաստաբանը։

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։

Նախնական տեղեկություններով` Խաչատուրովը ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին ՀՀ ԱԺ–ում գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունների հիման վրա Սեյրան Օհանյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։
Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, նրան խոշոր չափի վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել:

Please enter a valid URL