ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Սեդրակյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել շուրջ 11 միլիարդ դրամի ապօրինի ծագում ունեցող գույք: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` պահանջվում է բռնագանձել Երևան քաղաքում 21 անշարժ գույք, ևս մեկ անշարժ գույքի միջին շուկայական արժեքը, Կոտայքի մարզում մեկ անշարժ գույք, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում` դրանց միջին շուկայական արժեքը (ընդհանուր գումարը` 2.3 միլիարդ դրամ), ութ իրավաբանական անձանցում մասնակցություն և մեկ փոխառության պահանջի իրավունք։ Բռնագանձման է ենթակա նաև ավելի քան 8.6 միլիարդ դրամ:
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումը: