ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին հանդես է գալիս Դաշնային ժողովին ուղղված ուղերձով։
Կրեմլի ղեկավարը հիմնականում խոսում է Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների ու հակամարտության նախապատմության մասին։
«Ես այսօրվա ուղերձն եմ փոխանցում ամբողջ աշխարհում անդառնալի փոփոխությունների, ժողովրդի ապագան որոշող պատմական կարևորագույն իրադարձությունների ժամանակաշրջանում», — ելույթի սկզբում նշել է Պուտինը։
Նրա պնդմամբ, Ռուսաստանը պատերազմ չի սկսել, այն սանձազերծել են Կիևի իշխանությունները՝ Արևմուտքի հովանավորությամբ և դրդմամբ․
«Հենց նրանք են սանձազերծել պատերազմը, և մենք ուժ կկիրառենք այն դադարեցնելու համար»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով, 2014-2015 թվականներին Դոնբասի վրա հարձակվելու բազմաթիվ փորձեր են եղել, սակայն «բոլորը ձեւացրել են, թե ոչինչ չի կատարվում»։
«2021 թվականի դեկտեմբերին մենք ՆԱՏՕ-ին պաշտոնապես ուղարկեցինք անվտանգության երաշխիքների մասին համաձայնագրի նախագծերը, բայց ստացանք ուղիղ մերժում բոլոր դիրքերից։ Սպառնալիքն օրեցօր մեծանում էր»,-անդրադառնալով հակամարտության նախապատմությանը հիշեցրել է ՌԴ առաջնորդը։
Ոչ ոք այնքան բազա չունի, որքան Ամերիկան. ամբողջ մոլորակը աղբով է լցված, հավելել է նա:
Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ չի կարող լինել բաժանում «քաղաքակիրթ երկրների» և մնացած բոլորի միջև, ընդգծել է Պուտինը՝ մերժելով ցանկացած բացառիկություն, որին հավակնում է նույն ԱՄՆ-ն կամ հավաքական Արևմուտքը։
«Պատիվ, վստահություն, պարկեշտություն հասկացությունները նրանց համար չեն, նրանք սովոր են թքել ամբողջ աշխարհի վրա, պարզվեց, որ նույն կերպ են վարվում իրենց երկրների ժողովուրդների հետ»,- նշել է նախագահը։
«Կարծես նրանք հպարտանում են և ուրախանում իրենց դավաճանությամբ՝ նորմանդական ձևաչափն անվանելով ներկայացում»,- ասել է Պուտինը։
Ըստ նրա, Արևմուտքը զբաղվեց խաբեությամբ, աչք փակեց Կիևի կողմից իրականացվող քաղաքական սպանությունների և բռնաճնշումների վրա և խրախուսեց նացիստներին ահաբեկչական գործողություններ իրականացնել: Միաժամանակ, Պուտինի պնդմամբմ Մոսկվան ամեն ինչ արեց խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար և համբերատար էր։
«Դոնբասը 2014 թվականից հավատում և սպասում էր, որ Ռուսաստանը կգա օգնության։ Քայլ առ քայլ մենք ուշադիր և հետևողականորեն լուծելու ենք մեր առջև ծառացած խնդիրները»,- ընդգծել է նա։
© 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»