Bloomberg գործակալությունը կազմել է առողջապահական լավագույն համակարգն ունեցող երկրների վարկանիշը՝ հաշվի առնելով կյանքի տևողությունը, պետական ծախսերը և առողջապահական ծառայությունների մատուցման արժեքը: Հարավային Կորեայից, Իսպանիայից, Սինգապուրից և Հոնկոնգից հետո հինգերորդ տեղում Ճապոնիան է: Ճապոնիայում կյանքի միջին տևողությունը 83 տարի է, առողջապահական ծախսերի բաժինը ՀՆԱ-ում՝ 10,23: Հաջողության գաղտնիքը հիվանդության կանխարգելումն է և վերականգնողական բժշկությունը: Ճապոնացիները բժշկին այցելում են տարեկան ամենաքիչը 15 անգամ՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկրում. ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ մինչև 2050 թվականը Ճապոնիան 100 տարեկանից բարձր 1 միլիոն բնակիչ կունենա: Առողջապահական պետական պարտադիր ապահովագրությունը տարածվում է Ճապոնիայի ամբողջ բնակչության վրա: Ամսական ապահովագրավճարը կախված է եկամտի չափից: Ապահովագրությունը ծածկում է ծախսերը մոտ 70%-ը: Դրա մեջ մտնում են բոլոր տեսակի բժշկական ծառայությունները, այդ թվում՝ ատամնաբուժությունն ու մերսման սրահները: Հոսպիտալացման և ծանր հիվանդությունների դեպքում ապահովագրությունը ծածկում է ծախսերի 70%-ը, բայց իհարկե ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքից: Ապահովագրությունը վճարում է նաև ծննդաբերության վճարը՝ մոտ 4000 դոլար: Տոկիոյի որոշ քաղաքներում երեխաների բուժումն անվճար է: Անվճար է նաև «Շտապօգնությունը»: Դրանից օգտվում են հիմնականում միայնակ ծերերը՝ հաճախ իրենց միայնությունը մեղմելու և ուշադրություն գրավելու համար: Այս խնդիրն այնքան սուր է, որ գիտակից քաղաքացիները ջանում են հազվադեպ կանչել Շտապօգնություն: Ճապոնիայում Շտապօգնությունը երբեք մենակ չի գալիս: Եթե #119 են զանգում, Շտապօգնությունը գալիս է հրշեջների հետ, իսկ եթե #110, ապա ժամանում են Շտապօգնությունը, հրշեջներն ու ոստիկանները: Մինչև բրիգադի ժամանելը բժշկական ծառայողը ևս մեկ անգամ խնդրում է մանրամասնել խնդիրն ու պարզում՝ արդյոք հիվանդի մոտ մինչ այդ նկատվել են այդ երևույթները: Ժամանած բրիգադը բաղկացած է 7 անդամից, այդ թվում՝ հրշեջներից: Առաջին օգնությունը ցույց տալուց հետո հիվանդին առաջարկում են տեղափոխել հիվանդանոց և կազմակերպում ապահով տեղափոխությունը: Հիվանդանոցում մատուցվում են անհրաժեշտ ծառայությունմերը, իսկ վերջում քաղաքացին դրա համար վճարում է 0 իեն: