Search
Close this search box.

«Հրապարակ». Երեւանում կփորձեն կրկնել 2021-ի արտահերթի սցենարը

«Հրապարակ» թերթը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր են շրջանառվում։ Մեր աղբյուրներն ասում են, որ պատճառներից մեկը, անշուշտ, Սուրեն Պապիկյանի բարձր ռեյտինգն է կուսակցությունում եւ երկրում: Նա իրեն համարում է Փաշինյանի իրավահաջորդը, կուսակցության ներսում աջակիցների կուռ թիմ ունի, եւ եթե կա մեկը, որ շանս ունի զբաղեցնել Փաշինյանի տեղը, ապա դա ստեփանավանցի Պապիկյանն է, ով ե՛ւ ֆինանսական վերելք է ապրել, ե՛ւ լուրջ ու զուսպ գործչի համարում ունի, ուստի զարմանալի չէ, որ Փաշինյանը նրան որոշել է գահընկեց անել, չնայած ունեցած կադրային սղությանը: Պապիկյանին «զոհաբերելով»՝ նաեւ կմեղմվեն բանակում հաստատված անտերության, սահմանի անպաշտպանության, բանակը չվերակազմավորելու հետ կապված դժգոհությունները։

ՔՊ-ական աղբյուրներն ասում են, որ անգամ եթե Փաշինյանը գնա այս քայլին, Պապիկյանն էլ հեշտ զիջողներից չէ` նա պաշտպանության նախարարի աթոռի դիմաց նոր, ոչ պակաս ծանրակշիռ պաշտոն է ուզում: Եվ ոմանք աշխատում են, որ ՔՊ-ն հրաժարվի Տիգրան Ավինյանի թեկնածությունից` նրան փոխարինելով ավելի անցողիկ թեկնածու Սուրեն Պապիկյանով:

Հիշեցնենք, որ դեռ անցած տարեսկզբին կուսակցությունը որոշում կայացրեց եւ հրապարակային հայտնեց, որ իշխող ուժի քաղաքապետացուն Ավինյանն է։ Պապիկյանական թեւի պնդումները հիմնվում են նաեւ վերջին սոցհարցումների արդյունքների վրա, համաձայն որոնց՝ Ավինյանը սարսափելի ցածր վարկանիշ ունի, եւ ժամանակի մեջ այն գրեթե չի աճում, եթե չասենք հակառակը։ Իսկ Երեւանը վերցնելն իշխանության համար կենաց-մահու հարց է, քանի որ, կորցնելով մայրաքաղաքը, կկորցնեն ամբողջ իշխանությունը: Այստեղ ՔՊ-ին պետք է կայուն մեծամասնություն, այսինքն՝ 50+1, կամ երաշխավորված հեռանկար, որ որեւէ գործընկեր ուժի օգնությամբ կվերցնի իշխանությունը, իսկ դա հեշտ գործ չէ, եթե հաշվի առնենք ոչ միայն Երեւանի ընդդիմադիր տրամադրվածությունները, այլ նաեւ այն, որ բոլոր խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է` Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս, Ալավերդի, Նոյեմբերյան, Բերդ եւ այլն: Այնպես որ, հույսները կարող են լինել միայն ադմինիստրատիվ ռեսուրսը, գողականները, ինտրիգները, ձայներ փոշիացնող շատ մասնակիցները եւ ամառվա տապը, որ ինտելեկտուալ զանգվածը չգնա ընտրության։

Պապիկյանական թեւի փաստարկը հետեւյալն է՝ Սուրեն Պապիկյանը նույնիսկ հիմա, երբ բանակում աղմկահարույց դեպքերի պակաս չի զգացվում, Երեւանում ավելի բարձր վարկանիշ ունի, քան Ավինյանը, ով անցած տարվա սեպտեմբերից դե ֆակտո քաղաքապետ է աշխատում՝ փոխքաղաքապետի պաշտոնում, ամիսներ շարունակ քարոզարշավ է իրականացնում՝ տարբեր խոստումներ տալով Երեւանի բնակիչներին, բայց ռեյտինգը չի աճում։ Իշխանական վերնախավում որքան էլ ընդունում են, որ ասվածի մեջ կա անհերքելի ճշմարտություն, սակայն Ավինյանին Պապիկյանով փոխարինելու հեռանկարով քչերն են ոգեւորված։ Շատերը հասկանում են, որ կեսճանապարհին թեկնածու փոխելով՝ իշխող ուժը կխոստովանի, որ չի հավատում իր հաղթանակին, եւ դա հոգեբանական հետք կթողնի ընտրողների վրա։ Բացի այդ` ցույց կտան, որ այնքան անլուրջ ուժ են, որ անընդհատ մտքափոխ են լինում` թեկնածուի անունը հրապարակում են, հետո հետ կանգնում:

Մեզ ասացին, որ թեման փակված չէ, ՔՊ վերնախավում քննարկում են այս փոխատեղման վնասներն ու օգուտները, Ավինյանի թեկնածության դեմ ամենից շատ աշխատում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․ համոզում է Փաշինյանին՝ ռիսկի չդիմել, Ավինյանով հաղթելու շանս չկա, եւ որպես ապացույց՝ առաջ է մղում այն փաստը, որ, ըստ տարբեր հարցումների, նա իր վարկանիշով զիջում է անգամ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։
Նիկոլ Փաշինյանը բարդ ընտրության առջեւ է կանգնած՝ մի կողմից, իսկապես, կա վտանգ, որ թեկնածուի փոփոխությունը կարող է վատ քարոզչություն լինել եւ ազդել ընտրողի հոգեբանության վրա, մյուս կողմից՝ Երեւանում հաղթելու խնդիր կա։ Սրան գումարած, ասում են՝ Ավինյանի նկատմամբ էլ վստահություն չունի, Փաշինյանի ականջին են հասցրել, որ Ավինյանն էլ է իրեն իշխանության իրավահաջորդ զգում եւ մտերիմներից չի թաքցնում, որ քաղաքապետ դառնալով՝ կանգ չի առնելու։ Ի դեպ, դեռ օրեր առաջ ՔՊ մեր աղբյուրներն ասում էին, որ ավագանու ցուցակը կազմելու է ոչ թե Ավինյանը, այլ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի Ավինյանի կադրերը չմտնեն ավագանի, այլ՝ իր վստահությունը վայելող մարդիկ, որոնք Ավինյանի գլխին անվստահության գավազանը կախված կպահեն, եւ նա չի ուժեղանա: Բացի այդ, Հայկ Մարությանի պատմությունից են դասեր քաղել եւ ցուցակում քաղաքապետի այլ թեկնածուներ էլ են ընդգրկելու, որ եթե Ավինյանը կորցնի Փաշինյանի վստահությունը, արժանի փոխարինող գտնվի։

Թե ինչ որոշում կկայացնեն ՔՊ-ում, կիմանանք առաջիկայում։ Հիշեցնենք․ այս պահին հայտնի է, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու են Տիգրան Արզաքանցյանի կինը` Նատալյա Ռոտենբերգը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, Վարդան Ղուկասյանի՝ Դոգի կուսակցությունը, Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիրը»` Մանե Թանդիլյանի գլխավորությամբ, «Լուսավոր Հայաստանը»` Դավիթ Խաժակյանով, Արամ Սարգսյանի կուսակցությունը, հավանաբար` Անի Խաչատրյանի թեկնածությամբ, գուցե` Վահան Բաբայանի կուսակցությունը, «Սասնա ծռերը» եւ այլն։ Արմատական ընդդիմությունից առայժմ հայտնի է, որ նման մտադրություն ունի «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, սակայն նա դեռ չի հայտարարել այդ մասին:

Please enter a valid URL