Մեծ է հավանականությունը, որ այսօր երեկոյան Լարսի անցակետում ճանապարհը երկու ուղղություններով ամբողջությամբ կփակվի բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Խորհուրդ ենք տալիս հնարավորինս արագ հատել սահմանը, քանի որ հայտնի չէ, թե որքան ժամանակով կփակվի ճանապարհը», — ասաց նա` նշելով, որ օդերևութաբանները Խաչի լեռնանցքում ինտենսիվ ձյուն և քամու ուժգնացում են կանխատեսում փետրվարի 21–ին, 22–ին և 23–ին:
Նա հավելեց, որ մոտ 1500 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսի անցակետում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմից։
«Լարսը փակ է մնում բեռնատարների համար երկու ուղղություններով։ Հայաստանից դուրս է եկել մոտ 200 բեռնատար, որոնք դեռևս չեն հատել ՌԴ սահմանը։ Ռուսական կողմում կուտակվել է 1200 հայկական բեռնատար»,–ասաց Վահե Հակոբյանը։
Հակոբյանն ասաց, որ ընդհանուր առմամբ 3000 մեքենա կա անցակետում տարբեր երկրներից։
Վերին Լարսի ավտոճանապարհը փետրվարի 19-ի երեկոյան եղանակային վատ պայմանների պատճառով փակվել էր կցորդիչով բեռնատարների համար:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9–կիլոմետրանոց թունելի մասին է։