ՀՀ ՊՆ N զորամասի ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան ձորն է գլորվել դիտակել բարձրանալիս, դրա հետևանքով ավտոմեքենայում գտնվող 2 պայմանագրային զինծառայողների մահվան ու ևս 2 ժամկետային զինծառայողների մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասի (մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) հատկանիշներով։ Ողբերգական դեպքի հանգամանքները պարզելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ»,– ֆեյսբուքյան էջում գրել է Աբրահամյանը։
Հիշեցնենք` փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի մոտակայքում ՊՆ–ի ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենան ձնահյուսի պատճառով գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը։ Եվս 2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: