Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշակի մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ի հետ կապված։ Նա հայտարարել է, որ այդ մտահոգությունը հրապարակային էր։ Այս մասին գրում է interfax.ru-ն:
«Մենք այս հարցերը բարձրացրել ենք մեր գործընկերների հետ: Եվ մտահոգությունները դեռ կան: Մենք աշխատում ենք այդ հարցերի, մտահոգությունների լուծումներ գտնելու ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ պանելային քննարկման ժամանակ:
Փաշինյանն այսպես է մեկնաբանել այն հարցը, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից, քանի որ Երևանը բազմիցս հայտարարել է, որ կազմակերպությունն անարդյունավետ է։
Փաշինյանը նախորդ տարվա նոյեմբերին հրաժարվել էր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հռչակագրի նախագիծը և Հայաստանին օգնություն տրամադրելու համատեղ միջոցառումների նախագիծը։ Ելույթ ունենալով ՀԱՊԿ նիստում, Փաշինյանն ընդգծել էր կազմակերպության քաղաքական գնահատականի կարևորությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունների համատեքստում։ Մինչ այդ նա բողոքել էր Ադրբեջանի գործողություններին ՀԱՊԿ-ի պատասխանի վերաբերյալ որոշման բացակայությունից։