Շաբաթ երեկո Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում, թշնամի երկրի պարագլուխը հերթական անգամ փորձեց նվաստացնել հայ ազգին, մասնավորաես լկտիաբար հայտարարելով, որ՝
— 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկվել իր կողմից,
— ՀՀ բնակչությունը երկրորդ անգամ ընտրելով պարտված իշխանությունը, դրանով հավանություն են տվել այդ կապիտուլացիային,
— Արցախի հարցը այսուհետև Ադրբեջանի ներքին հարց է, իսկ այնտեղի հայերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնց հետ Ադրբեջանը կխոսի արդեն առանց միջնորդ:
Քանի որ Հայաստանը ներկայացնող անձնավորությունը իր կոտրտված անգլերենով հիմնականում ինչ որ անհեթեթ մտքեր կմկմաց Խորհրդային Ադրբեջանում մզկիթների ավերման մասին, և փաստացի չհակադարձեց թշնամու հիմնական պնդումներին, ստիպված եմ ես նաև իմ վրա վերցնել այդ բեռը, այն հուսով, որ Հայաստանի և Արցախի բազմահազար արժանապատիվ քաղաքացիներ կմիանան դրան, և իրենց ձայնը լսելի կդարձնեն թշնամիներին՝
— Հայաստանը կապիտուլիացիայի չի ենթարկվել՝ թեև պարտված և վիրավոր, մենք մեր պայքարը չենք դադարացրել, և հասնելու ենք նրան, որ ազատ և անվտանգ ապրենք մեր դրախտային հայրենիքում:
— Մեր ժողովուրդը պարտությունը և ստորացումը չի ընտրել, որքան էլ նրան փորձեն դրանում համոզել: Մեր ժողովրդի մեծ մասը աստիճանաբար թոթափում է պարտության բարդույթը, դուրս է գալիս թմբիրից, վերահաստատում է իր արժանապատվությունը, և նոր ուղիներ փնտրում՝ պայքարելու և հաղթելու:
— Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում, և որևէ կերպ չի կարող նրա ներքին հարցը դառնալ: Եթե նույնիսկ Հայաստանում գործող կապիուտուլիացիոն վարչակարգը փորձի հրաժարվել Արցախից, հայ ազգի ճնշող մեծամասնությունը շարունակելու է նրա ազատության համար պայքարը, և Արցախը դառնալու է մեր ազգային վերակերտման նորօրյա փարոսը:
Անձամբ ես ոչ կապիտուլիացիա եմ ստորագրել, ոչ պատրաստ եմ այն ընդունել, ոչ էլ երբևիցե կճանաչեմ Արցախը Ադրբեջանի կազմում: Դրա համար ես արդեն վճարել եմ ազատությամբ, պատրաստ եմ նորից վճարել, և նաև վճարել իմ կյանքով: Դուք էլ մի վարանեք, այլապես մենք կկորցնենք այն, ինչ կյանքից էլ թանկ է՝ մեր պատիվը և ապրելու իմաստը: Աստված զորավիգ սեփական երկրի և պատվի համար բոլոր պայքարողներին!
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից