Պռոշյան գյուղի տարածքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակված մի խումբ անձինք շարունակում են բողոքի ակցիա անցկացնել։
Փետրվարի 16-ին Պետական եկամուտների կոմիտեի գրության հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցները սեփականության իրավունք չունեցող հարյուրավոր ընտանիքների բնակարաններից դուրս էին հանել, որի հետևանքով ստեղծել էր լարված իրավիճակ, հրմշտոց, կային նաև բերման ենթարկված անձինք։
Այս առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ փետրվարի 17-ին Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբն այցելել է ՊՆ նախկին շենքում բնակված անձանց։
«Բնակիչները ՄԻՊ ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները, այդ թվում՝ նրանց բնակության վայրին, կենսաապահովման պայմաններին առնչվող հարցեր։
Արձանագրված խնդիրներն ու անձանց կողմից ներկայացված մտահոգություններն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություն է ուղարկվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Ուշ երեկոյան ՄԻՊ ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորությամբ իրականացվել է ևս մեկ այց: ՊՆ նախկին շենքի բնակիչները տեղեկացրել են, որ չեն կարողանում տեղադրել վրան ու իրականացրել իրենց բողոքի ակցիան։ ՄԻՊ ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդիրներին, վրան տեղադրելու հարցը քննարկվել է Ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել անձանց թույլատրել տեղադրել ժամանակավոր վրաններ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը 2008 թվականից հեռացել է այդ շենքից։ Սրան զուգահեռ անօթևան ու անապահով մարդիկ տեղավորվել են լքված կառույցում։ Նախորդ տարվա ապրիլին Կառավարությունը որոշում է կայացրել այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ իր հերթին այդ շենքը տրամադրել է Պետական եկամուտների կոմիտեին՝ այն արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն դարձնելու նպատակով։