Բերդ խոշոր համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ, 1982թվականին ծնված Հ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզի Վազաշեն գյուղին հարակից տարածքի անտառամիջյան հատվածում, նախկինում ունեցած 640 000 ՀՀ դրամ պարտքը վերադարձնելուն որպես այլընտրանք Բերդ համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ Խ. Ս.-ի կողմից իր կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու կամ` երեխայի երիկամներից մեկը վաճառելու շուրջ մտածելու առաջարկի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ փայտով հարվածել է Խ. Ս.-ի գլխի ձախ հատվածում, որի հետևանքով վերջինս վայր է ընկել եւ գլորվել առվի մեջ:
Այնուհետեւ Հ. Օ.-ն փորձել է օգնել Խ. Ս.-ին դուրս գալ առվից, սակայն վերջինս սեռական հայհոյանքներ տալով`ձեռքի դանակը թափահարել է, սպառնացել է ոչնչացնել Հ․ Օ.-ին , այնուհետեւ փայտով հարվածել է վերջինիս ձախ դաստակին, որից հետո Հ․ Օ,-ն կրկին փայտով հարվածել է Խ. Ս.-ի գլխին, որի հետեւ անքով վերջինս բերանքսիվայր ընկել է առվի մեջ, իսկ Հ․ Օ.-մ առվից քար է վերցրել եւ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ դրանով հարվածել է Խ. Ս.-ի գլխի ծոծրակային հատվածում եւ տեսնելով որ վերջինս անշարժացավ, դիմել է փախուստի ։
7-ամյա կրթությամբ, խնամքին մեկ անչափահաս երեխա ունեցող Հ. Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(<<Սպանությունը>>), նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում այդ քրեական գործով դատավարություն է ընթանում:
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից