168.am-ի տեղեկություններով, Պարեկային ծառայության ղեկավար Արթուր Ումրշատյանն աշխատանքից ազատվել է ոչ թե մեկ շաբաթ առաջ Երեւանում «Համմեր» ավտոմեքենայի արկածների հետ կապված Պարեկային ծառայության ոչ պատշաճ գործողությունների պատճառով, այլ փետրվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ջերմուկ կատարած այցի ընթացքում տեղ գտած տհաճ տեսարանների պատճառով:
Ըստ կայքի՝ ինչպես որ մայրաքաղաքում է հաճախ պատահում, երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը քաղաքացիները ուղեկցում են կամ միջնամատ պարզելով, կամ ավտոմեքենաների չդադարող ազդանշաններով, նույնը տեղի է ունեցել դեպի Ջերմուկ ճանապարհին:
Համընթաց ու հանդիպակաց ավտոմեքենաների վարորդները, ինչպես նաեւ ճանապարհներին պատահող քաղաքացիները շատ բուռն են «ողջունել» Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ դարձել է Արթուր Ումրշատյանի պաշտոնանկության պատճառ:
Ըստ նույն աղբյուրների, Ջերմուկում հանդիպումներից հետո ճաշկերույթի ժամանակ Փաշինյանը «քեֆը լավ»՝ հիշելով իր շարասյանը միջնամատ պարզած քաղաքացիներին, նման որոշում է կայացրել:
Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ դրա մեղավորը Պարեկային ծառայության ղեկավարն է: Թե ինչ պետք է նա աներ ՀՀ քաղաքացիների անզուսպ «սերը վայելող» Նիկոլ Փաշինյանին այդ տեսարաններից ազատելու համար, դժվար է ասել: Միգուցե նա ակնկալում էր, որ Արթուր Ումրշատյանը պետք է հատ-հատ այդ մարդկանց մատները կտրե՞ր…
Օրինակ, ի՞նչ արեցին Ալեն Սիմոնյանի մորը, որը պատշգամբից թքել եւ միջնամատ էր ցույց տվել ցուցարարներին, որի տեսանյութերը հեղեղել էին համացանցը… Ոչինչ էլ չարեցին:
Ինչեւէ, Պարեկային ծառայության ղեկավարի՝ իր պաշտոնը կորցնելու իրական պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ դեպի Ջերմուկ կատարած վերջին այցն է: