Մի քանի օր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ավելի քան երկու ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախ է ուղարկում հումանիտար օգնություն’ 10 բեռնատար սննդամթերք, մեկ բեռնատար դեղորայք և շրջափակման ընթացքում ծնված 215 արցախցիներին օծված խաչեր:
Այս մարդասիրական ակցիան բավական բուռն և դրական արձագանք ստացավ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի հարյուր հազարավոր մարդկանց մոտ: Շարքային քաղաքացիները ուրախությամբ և ոգևորությամբ ընդունեցին Ծառուկյանի այս քայլը. Ծառուկյանը հերթական անգամ կանգնեց պայքարող ու իր երկիրն անգամ նման ծայրահեղ դժվար պայմաններում չլքող արցախցու կողքին:
Մինչդեռ Ծառուկյանի կողմից արված քայլը միանշանակ չընդունվեց որոշ, այդ թվում և ծագումով արցախցի մեծահարուստների կողմից: Այս նախաձեռնության առաջին իսկ օրվանից նրանք ջանք չեն խնայում սևացնել ու արժեզրկել Ծառուկյանի կողմից իրականացված քայլը:
Մի քանի կետով փորձենք ներկայացնել թե ինչու:
1.Մի պահ պատկերացրեք, որ պատերազմի դաշտում բոլորը ընկրկելով թշնամու հարձակմանը` միասնաբար թողնում են իրենց դիրքը, այդ դեպքում որևէ մեկը նրանց չի կարող ասել, որ նրանք փախան մարտի դաշտից, դա կկոչվի նահանջ:
Մի պահ պատկերացրեք, որ նույն մարտի դաշտում մեկը շարունակաում է դիմադրել թշնամու հարձակմանը, մինչև վերջին փամփուշտը օգտագործում է թշնամուն հետ մղելու համար, իսկ մյուսները նրան թողնում են միայնակ. այդ դեպքում դա ոչ թե նահանջ է, ոչ էլ անգամ փախուստ, դա խայտառակ դավաճանություն է:
Քանի դեռ Ծառուկյանը օգնության ձեռք չէր մեկնել Արցախին, բոլորի համար շատ հարմարավետ վիճակ էր, հենց Ծառուկյանը որոշեց շոշափելի օգնություն ուղարկել, մյուս միլիոնատերերն ու միլիարդատերերը մեկ օրում, մեկ ժամում իրենց հայրենասիրական ու ազգային իմիջով դարձան ոչնչություն:
Միանգամից երևաց, որ չնայած ունեցած կարողությանը, նրանք հայրենասեր են միայն կենաց ասելիս ու դատարկ խոսելիս, բայց ոչ երբեք գործով դա ապացուցելիս: Նման վիճակից դուրս գալու միայն մի ելք կա. փորձել արժեզրկել Ծառուկյանի արածը: Պետք է այնպես ներկայացնել, որ լավ գործ անողը, բարեգործը վատ մարդ է, իսկ իր հայրենակցին չօգնողը, նրա դժվարությանը կողքից նայողը’ ճիշտ կյանքով ապրող:
Տեսականորեն դա հնարավոր չէ, բայց այդ մարդիկ ապրում են այլ իրականության մեջ, իրենց թվում է, որ եթե հինգ անգամ ասեն մածունը սև է, ուրեմն մածունը կդառնա սև: Իրենց համար հնարավոր է, բայց բանականությունը չկորցրած որևէ մեկի համար՝ ոչ:
2.Ծառուկյանին մեղադրում են, որ նա Արցախ օգնություն ուղարկում է անձնական շահագրգռվածությունից ելնելով, որ իրեն գովազի, ոչ թե Արցախին և արցախցիներին օգնի: Դա նույնն է, որ հայրենիքի որևէ հերոսի մեղադրեն, որ նա հերոսություն է արել, ոչ թե հայրենիքի համար, այլ հանուն այդ կոչման: Յուրաքանչյուր լավ արարք արժանի է գովեստի ու հրապարակայնացման, այդ գովեստը պետք է ոչ թե լավ արարքի հեղինակին, այլ հասարակությանը: Երբ լավ և հանրայնորեն օգտակար արարքը գնահատվում է, հասարակության մեջ ավելի մեծ թվով մարդկանց մոտ է առաջանում այդ արարքը կրկնելու ցանկություն:
Երբ Ծառուկյանի կողմից իրականացվող բարեգործությունը հրապարակային է դառնում, ապա դրան պետք է հետևի ոչ թե նախանձն ու չարամտությունը, այլ նույնը, և ավելին անելու ցանկությունը: Ուզում եք, որ ձեր մասին էլ խոսեն, ուզում եք, որ ձեր կողմից կատարած բարեգործությունն էլ գնահատվի, դուք էլ դարձեք նման և գուցե ավելի մեծ բարեգործական ակցիաների նախաձեռնող, և ոչ թե հակառակը՝ փորձեք հնարավորինս արժեզրկել արդեն արվածը:
3.Կապ չունի’ ինչ է անում Ծառուկյանը, միևնույն է իրենք դեմ են դրան: Ծառուկյանը Երևանի կենտրոնն է կառուցապատում, ուսանողներին կրթաթոշակ բաժանում, երիտասարդ ընտանիքների համար մատչելի բնակարան կառուցում, եկեղեցի հիմնում, փորձում է Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնել, քաղաքական գործունեություն է ծավալում, բարեգործություն է անում, թե արտադրություն կազմակերպում և աշխատատեղեր ստեղծում, միևնույն է՝ միշտ դրան դեմ հանդես եկողներ կան, միշտ կան սուր քննադատներ և պայքարի առաջամարտիկներ:
Ինչպես արդեն առիթ ունեցել ենք ասելու, սրանք մարդիկ են, որ կյանքում ոչինչ չեն ստեղծել, որևէ մեկին օգնած, մեկի մատից փուշ հանած չկան, սրանք պայքարիստներ են: Սրանց կյանքն անցնում է պայքարելով. ընդդեմ հայրենիքի, ընդդեմ հասարակության, հարևանի, բարեկամի, ընդդեմ ամեն ինչի:
Ծառուկյանի արածը տեսնում և գնահատում է ամբողջ Հայաստանը, Արցախը և Սփյուռքում ապրող միլիոնավոր մեր հայրենակիցներ: Նրա նկատմամբ երախտագիտությունը մնալու է հազարավոր և տասնյակ հազարավոր մարդկանց գիտակցության մեջ, իսկ նրա դեմ պայքարողների արածը մոռացվելու է ընդամենը րոպեների ընթացքում: Կարծում ենք, սրանով ամեն ինչ ասված է:
Armlife.am