1,5 մլն դրամ՝ վեց ամիս ծառայության համար։ ՊՆ-ի հեղինակած նախագծով այս պայմաններն են առաջարկվում իգական սեռի ներկայացուցիչներին։ Ռազմական փորձագետ Լևոն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ներկայացված ծրագիրն ավելի լավ է, քան ոչինչը, սակայն խնդիրներ սովորաբար առաջանում են մեխանիզմների գործարկման փուլում։
«Իհարկե, այդ գաղափարի, օրինագծի իրականացումը հիմա չեմ կարող ասել, թե ինչ բնույթ կունենա։ Ենթադրում եմ՝ ավելի շատ պիլոտային ծրագրի տեսք է ունենալու, ավելի մարկետինգային՝ հետագա ներգրավվածությունն ավելացնելու համար։ Այդ կոնտեքստում բավական բարձր գումարով դրամական պարգևատրումը, միգուցե, արժե»։
Ռազմական փորձագետը կանանց ներգրավվածությունը դրական է գնահատում մի քանի առումով։ Հաշվի առնելով վերջին շրջանում կանանց հետաքրքրվածությունը ռազմարվեստով, կարծում է, որ առաջարկը կփոխվի մոտեցումը, թե զինվորականը միայն տղամարդկանց մասնագիտություն է։ Խիստ տեղական առանձնահատկություն ևս կա՝ ասում է զրուցակիցս։
«Մենտալիտետը հաշվի առնելով՝ կանանց ներգրավվածության ևս մեկ դրական կողմ կա։ Երբ մի տեղ կանայք են ներգրավվում, որտեղ նախկինում բացառապես տղամարդիկ են եղել, ընդհանուր կարգավորվածությունը և մշակույթը, միանշանակ, զարգանում է։ Զսպվածությունը, կուլտուրան, կարգապահությունը, միանշանակ, բարձրանում են»։
Ռազմական որոշ մասնագիտություններում կանայք գերազանցում են տղամարդկանց։ Այդ շարքում են բժշկական ուղղվածության, նաև թիկունքային շատ մասնագիտությունները։ Ըստ ռազմական փորձագետի՝ 6 ամիսը բավարար է զինվորական գործի նախնական հմտություններին տիրապետելու համար։
«Նույնիսկ երկամյա ժամկետային ծառայողների առաջին վեց ամիսը համավում է ուսումնական։ Օրինակ՝ մարտական դիրքեր չեն բարձրանում մինչև ուսումնական փուլի ավարտը։ Չգիտեմ՝ իրենք վեց ամսից հետո ծառայության են անցնելու ցրվա՞ծ, այսինքն՝ ստանդարտ ստորաբաժանումների կազմում, թե՞ ձևավորվելու են նախնական, միայն կանանցից բաղկացած միավորներ, թեև չեմ կարծում, որ այդպես լինի։ Ամեն դեպքում հարցականներ կան՝ ինչ սկզբունքով են ընտրվելու։ Որովհետև բոլորս վերջին 5-10 տարիների փորձից գիտենք, որ պայմանագրային անձնակազմի մեծ մասը ցածր սոցիալական խավի անձանցից է բաղկացած, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով աշխատանք չունեն, գնացել, դիմել են, ինչ-որ մինիմում պահանջներ են բավարարել են և վերջ»։
Աշխարհի մի շարք երկրներում ծառայությունը կանանց համար պարտադիր է։ Ամենացայտուն օրինակը Իսրայելն է, որտեղ զինվորների 35 տոկոսը կանայք են։ Նրանք ծառայում են երկու, իսկ տղամարդիկ՝ երեք տարի: Կանայք կարող են ազատվել զորակոչից կրոնական նկատառումներով, եթե ամուսնացած են, հղի են կամ երեխաներ ունեն: Այդուհանդերձ, կանանց ծառայությունը սահմանափակ բնույթի է։ Լևոն Հովհաննիսյան․
«Կանանց ծառայությունն ավելի սահմանափակ տեսակների մեջ է։ Ամեն դեպքում նույնիսկ Իսրայելում բնույթով բաժանվում են։ Տղամարդիկ ավելի շատ մի որոշ տեսակի գործառնություններ ունեն ներգրաված, կանայք ավելի քիչ և հակառակը։ Կլինի թիկունքային, բժշկական և այլ ծառայություններ»։