ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող եւ թյուրիմացաբար Արարատ անունը կրող Միրզոյանի այցը Թուրքիա միջազգային մամուլը գնահատել է որպես պատմական։ Հայաստանից մինչ այդ ուղարկվել է հումանիտար օգնություն եւ փրկարար ջոկատ, Միրզոյանն Անգորայում հանդիպելու է Չավուշօղլուին եւ այցելելու է հայ փրկարարներին հայկական Խարբերդի Հասամսուրում, որը հիմա կոչվում է Ադյաման։
Այցն անշուշտ պետք է դիտարկել քպ-ական խմբակի կողմից Մոսկվայի եւ Անգորայի՝ Հայաստանը եւ հայ ժողովրդին իր բնօրրանից ջնջելու ծրագրերի ագենտուրային պարտավորությունների ծիրում, որի իմաստը հայկական իրավունքներից, պահանջներից, հայկական ինքնությունից ու քաղաքակրթական ժառանգությունից (հայերը կովկասյան ցեղ են՝ Փաշինյան) հրաժարվելն է՝ ռուս-թուրքական 100-ամյա շարունակվող հակահայ ոճրագործությունների արդյունքների ճանաչման եւ միջազգային լեգիտիմացման ջանքերով։ Քպ-ական իշխանությունը պաշտոնապես հրաժարվել է Առաջին եւ խորհրդային հանրապետությունների ժառանգությունից, Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմունքներից, Անկախության հռչակագրից։
Քպ-ական խմբակը հետեւողականորեն չեզոքացնում է հայկական խնդիրները միջազգային ատյաններում քննարկելու եւ հայկական իրավունքները պաշտպանելու հնարավորությունները։ Միջազգային ատյաններ, այդ թվում արդարադատության դատարաններ, դիմումները կազմվում են այնպես, որ դրանցում բացառվի Մոսկվայի ու Բաքվի հանդեպ որեւէ սանկցիա, քաղաքական որեւէ պարտադրանք։ Փորձ է արվում լեգիտիմացնել «եռակողմ» գարշահոտ համաձայնությունները։ Քաղաքական խնդիրները նենգափոխվում են «հումանիտարի»․ դրա ցցուն օրինակը ՀՀ իշխանության համաձայնությամբ Բերձորի միջանցքի արտատարածքային կարգավիճակի ոչնչացումն է եւ Արցախի շրջափակումը՝ բնիկներից մաքրելու քայլերով։ Դա քպ-ականների համար Արցախից ազատվելու հնարավորություն է։
Արեւմտյան Հայաստանում ուժգին երկրաշարժը քպ-ական ու նրա հենակ խմբերի համար հիանալի «հումանիտար» առիթ է իրավունքներից ու խնդիրներից հրաժարումն «ինստիտուցիոնալացնելու», հայկական իրավունքների ահռելի փաթեթը «հումանիտար» մաղով փոշիացնելու համար։ Բավական է հետեւել այս կապակցությամբ ներքին «բանավեճերին», եւ որեւէ կասկած չի մնա։
Այս առումով, Միրզոյանի այցն Անգորա իսկապես պատմական է՝ Հայաստանը՝ Չերխեչ-Ենոքավան կենտրոնով ինչ որ ժամանակավոր ռեզերվացիա՝ տոնածառով, քրդա-քարթվելական երգուպարով, փառատոններով․ Մոսկվա-Անգորա-Թել Ավիվ եռամիասնության ծրագրած այս «ապագան» ուրվագծվում է ամենայն հստակությամբ։
Lrair.am