Search
Close this search box.

Թուրքիայում ծեծկռտուք է տեղի ունեցել ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև

Անթալիայում Royal Seginus հյուրանոցում երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել ռուս և ուկրաինացի ֆուտբոլիստների միջև:

Հյուրանոցում օթևանել են ուսումնամարզական հավաքի նպատակով Անթալիա ժամանած «Շիննիկ» ռուսական ակումբը Յարոսլավլից և «Մինայ» ուկրաինական ակումբն Ուժգորոդից:

«Բազա» կայքի փոխանցմամբ, փետրվարի 13-ին ուկրաինացի մարզիկները ռուս մարզիկներից պահանջել են կատարել Ուկրաինայի օրհներգը, ռուսներն առաջարկել են «դուրս գալ հյուրանոցի շենքից և դրսում հարցերը պարզել»:

Ավելի ուշ «Բազա» կայքը նշել է, թե ընդհարումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ուկրաինացի մարզիկները ռուսներին հարցրել են, թե ինչո՞ւ նրանք չեն մասնակցում ռուսական ռեժիմի դեմ բողոքի ակցիաներին:

Սկանդալն այդ պահին հաջողվել է մարել, բայց ավելի ուշ, երբ վերելակի խցիկում են հայտնվել մեկ ռուս և մի քանի ուկրաինացի ֆուտբոլիստներ, վերջիններս ծեծել են ռուսին: Երբ վերելակը տեղ է հասել և դռները բացվել են, «Շիննիկի» ֆուտբոլիստներն են հարձակվել ուկրաինացիների վրա և մեծ ծեծկռտուք է սկսվել:

Ընդհարումը դադարեցվել է թուրք ոստիկանների միջամտությամբ: Ուկրաինացիները պնդում են, որ այն ծագել է, երբ նրանք ռուս ֆուտբոլիստներից մեկին նկատողություն են արել «հյուրանոցի աշխատակիցների հետ լկտի ոճով խոսելու համար»:

Տուրուդմբոցից հետո թիմերին տեղավորել են տարբեր հյուրանոցներում: «Մինայ» ակումբի մարզական տնօրենն ասել է, թե ի սկզբանե չէր կարելի երկու թիմերին նույն հյուրանոցում բնակեցնել:

Թուրքական կողմը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով հյուրանոցներում ազատ տեղեր չեն եղել, և դրա պատճառով են թիմերին այդ հյուրանոցում տեղավորել:

Please enter a valid URL