Թուրքիայի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, կենտրոնացված են բազմաթիվ էթնիկ եւ կրոնական խմբավորումներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Ընդ որում, ինչպես պարզաբանեց փորձագետը, նշված խմբավորումները չափազանց տարասեռ են։ Սրան կարելի է ավելացնել նաեւ երկրաշարժից հետո առաջացած շիկացած իրավիճակը։
Նշենք, որ Գերմանիան, Ավստրիան, Իսրայելը Թուրքիայից դուրս են բերել իրենց փրկարարներին՝ վկայակոչելով անվտանգության լուրջ սպառնալիքը։ Դա կարող է լինել եւ՛ թալանի, եւ՛ զենքի կիրառման սպառնալիք։
«Այդ շրջաններում քաղաքացիների շրջանում զենք կրելը կարող է սովորական երեւույթ լինել։ Եվ եթե այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան, Ավստրիան, Իսրայելը, դուրս են բերել իրենց փրկարարներին, ապա Հայաստանն էլ պետք է դա անի»,-հավելեց Լոքմագյոզյանը։
Նա կարծում է, որ թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում գտնվող ուժերը կարող են փորձել օգտվել իրավիճակից եւ «ճոճել» երկիրը։ Այսինքն՝ առկա սպառնալիքը Թուրքիայում կարող է վերաճել քաղաքական ակցիաների։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Տարերային աղետի զոհ է դարձել մի քանի տասնյակ հազար մարդ Թուրքիայում եւ Սիրիայում։ Աղետի գոտում աշխատում են նաեւ հայ փրկարարներ։ Բացի այդ, Հայաստանի իշխանությունները մարդասիրական օգնություն են ուղարկել, որի կարիքն, ի դեպ, ունեն նաեւ Արցախի հայերը, որոնք արգելափակված են Թուրքիայի հավատարիմ դաշնակից Ադրբեջանի կողմից։