Հանրապետության հրապարակում երթեւեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է փաստաբանի ծառայությունից։
«Կիրակի, ես որպես հանրային պաշտպան, ներկայացել էի նախաքննական մարմին, սակայն քաղաքացին նշել էր, որ ինքը հրաժարվում է փաստաբանի ծառայությունից եւ ինքն իրեն կպաշտպանի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Շուշան Հարությունյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ավելի ուշ քննչական կոմիտեն հայտնել էր, որ վարորդը պարեկներից գումար էր ուզել՝ մեքենան լիցքավորելու համար, այնուհետեւ սկսել էր անկանոն վարել Հանրապետության հրապարակում: Ավելի ուշ վարորդը ձերբակալվել, ապա կալանավորվել է։
«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
Նշենք, որ համացանցի օգտատերերի շրջանում տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չեն կարողացել վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին եւ ստիպված են եղել կրակոցներ արձակել քաղաքի կենտրոնում։ Պարեկներին եւ ոստիկաններին օգտատերերը քննադատում են ոչ պրոֆեսիոնալ գործողությունների համար։