Մոտ 1200 հայկական բեռնատար այս պահին կանգնած է Վերին Լարսի անցակետում, ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Լարսի երկու ուղղություններով երթևեկությունը փակ է մնում բեռնատարների համար ։ Հայաստանից դուրս է եկել մոտ 400 բեռնատար, որոնք դեռևս վրացական կողմում են, այսինքն` չեն հատել ՌԴ սահմանը, իսկ ռուսական կողմում այս պահին կանգնած է 800 հայկական բեռնատար», – ասել է Վահե Հակոբյանը ։
Նշենք, որ Վերին Լարսի ավտոճանապարհը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բեռնատարների համար փետրվարի 13-ից:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Այն պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով։
Վրաստանը Մցխեթ–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը 9 կիլոմետրանոց թունելի մասին է։