Search
Close this search box.

Զորամասի կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանի հրդեհի հետևանքով 15 զինծառայողի մահվան գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանն այսօր կվիրահատվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։
Նա հավելեց, որ կապիտանի վիճակն այս պահին կայուն է։

«Կատարվելու է դեմքի և դաստակների մաշկի փոխպատվաստում»,– նշեց Կարինե Բաբայանը։

Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը նշեց նաև, որ նախորդ շաբաթ վիրահատությանը ենթարկված ժամկետային զինծառայողի վիճակը նույնպես կայուն է։
«Վիրահատությունը շատ հաջող է անցել, մի փոքր խնդիր ուներ ականջների հետ, այրվածքները շատ խորն էին, բայց ընդհանուր լավ է»,– նշեց նա։

Հրդեհիծ տուժած երրորդ զինծառայողը, որ գտնվում էր Այրվածքաբանության ազգային կենտրոնում, արդեն տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։

Please enter a valid URL