Գերմանիայի տեխնիկական աջակցության գործակալությունը (THW) և գերմանական ISAR մարդասիրական կազմակերպությունը դադարեցրել են փրկարարական աշխատանքները Թուրքիայի երկրաշարժի գոտում՝ անվտանգության նկատառումներից ելնելով, գրում է Bild-ը։
Վերջին օրերի ընթացքում Հաթայի շրջանում անվտանգային իրավիճակը փոխվել է. «Դրա պատճառն, ի թիվս այլնի, սննդի պակասն է, երկրաշարժի գոտում ջրամատակարարման դժվարությունը»,- նշել են կազմակերպությունները։
Ավստրիական բանակը նույնպես դադարեցրել է փրկարարական աշխատանքները՝ անվտանգության հետզհետե ավելի ու ավելի բարդ իրավիճակի պատճառով:
«Կյանք փրկելու ակնկալվող հաջողությունը ողջամիտ կապ չունի անվտանգության վտանգի հետ: Թուրքիայում ահագնանում է առճակատումը խմբավորումների միջև: Ասում են, որ կրակոցներ են եղել»,- ասել է փոխգնդապետ Պիեռ Կուգելվեյսը:
Սա հաստատել է նաև զինված ուժերի խոսնակը. «Արտակարգ դրություն է հայտարարվել տեղում, քանի որ բանակը վերահսկողության տակ է վերցրել որոշակի տարածքներ։ Մենք ինքներս մինչ այժմ որևէ խնդիր չենք ունեցել թուրքական իշխանությունների հետ»:
Ավստրիական ստորաբաժանումը բազմաթիվ այլ մարդասիրական կազմակերպությունների հետ միասին գտնվում է Թուրքիայի Հաթայ նահանգի բազային ճամբարում: Սա մի տեսակ վրանային քաղաք է, որը ստեղծվել է մի քանի մարդասիրական կազմակերպությունների կողմից։
Նշենք նաև, որ իսրայելցի փրկարարները ևս լքում են Թուրքիան՝ դարձյալ ելնելով անվտանգային նկատառումներից: