Search
Close this search box.

ՖՈՏՈ․ CNN հեռուստաալիքը հրապարակել է Միխեիլ Սաակաշվիլիի կադրերը. նա հազիվ է քայլում եւ ընկնում է անկողնուց

Ամերիկյան CNN հեռուստաալիքը ցուցադրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ կադրերը Vivamed կլինիկայում։

Հրապարակված կադրերում երեւում է, որ Սահակաշվիլին հազիվ է քայլում եւ հիվանդասենյակում բազմիցս ընկնում է անկողնուց։

Դրանք տրամադրել է ամերիկացի փաստաբանը, ով հաղորդման ընթացքում խոսել է նախկին նախագահի առողջական ծանր վիճակի մասին։

Կադրերը թվագրված են անցյալ տարվա հոկտեմբերի 6-ով եւ 4-ով, գրում է «Նովոստի-Գռուզիան»։

Հեռուստաընկերության հետ զրույցում փաստաբան Մասիմո Դ’Անջելոն նշել է, որ Սաակաշվիլիին անհրաժեշտ է հնարավորինս շուտ տեղափոխել բուժման, քանի որ օրգանիզմում անդառնալի պրոցեսների լուրջ վտանգ կա։

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով բանտում էր, գտնվում է Vivamed կլինիկայում 2022 թվականի մայիսի 12-ից։

Այս շաբաթ՝ փետրվարի 6-ին, Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արեւաձեն չի բավարարել Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանների խնդրանքը՝ առողջական վիճալով պայմանավորված պատիժը հետաձգելու կամ պատժից ազատելու վերաբերյալ։

Նախօրեին Սաակաշվիլին դիմել էր Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակ՝ անկախ բժշկական խորհրդատվության խնդրանքով՝ ասելով, որ վերջին օրերին ինքն իրեն շատ ավելի վատ է սկսել զգալ։

Վրաստանի իշխանությունները չեն ընդունում Սահակաշվիլիի ծանր վիճակը։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ Սահակաշվիլիի ծանր վիճակի մասին խոսակցությունները PR արշավի մաս են կազմում, նա ինքն է ձեւացնում, իսկ ամերիկյան ընկերությունը լոբբինգ է անում ազատ արձակման համար։

Please enter a valid URL