Միևնույն վայրում կարճ ժամանակահատվածում երկու ուժգին երկրաշարժը գիտական տեսանկյունից «զարմանալի» և «հազվադեպ» երեւույթ է։ Այս մասին հայտարարել են ԱՄՆ-ի սեյսմոլոգները, տեղեկացնում է Անատոլիական գործակալությունը։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի երկրաշարժերի ֆիզիկայի հետազոտող Սիլվեն Բարբոն նշել է, որ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերը շատ առումներով կարելի է անվանել «զարմանալի» բնական երևույթներ։
«Տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ ժամանակի փոքր տարբերությամբ, դրանք տեղի են ունեցել երկու տարբեր խզվածքների գծերի վրա, որոնք գտնվում են միմյանց մոտ: Նման բան չի եղել մեզ հայտնի անցյալում»,- ասաց նա։
«Այսպիսի խզվածքը մենք անվանում ենք «ուրվական», այն պասիվ է եղել պատմության ընթացքում, մեր տվյալներով՝ այստեղ երկրաշարժեր չէին սպասվում, սակայն հանկարծ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել»,- ասել է նա։
Ամերիկացի գիտնականը նշել է, որ Արևելյան Անատոլիայում բազմաթիվ խզվածքներ կան։ «Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել Արևելյան Անատոլիայի խզվածքի գծում։ Սա Անատոլիայի և արևելքի սահմանն է։ Այն կապված է երկու այլ խոշոր խզվածքի գծերի հետ։ Նրանցից մեկը Հյուսիս-անատոլիականն է, որը ձևավորվել է 1999 թվականին։ Երկրորդ գիծն ուղղված է դեպի հարավ։ Այս երկրաշարժը կարող է հանգեցնել նոր երկրաշարժերի, այլ խզվածքների վրա»,- պարզաբանել է մասնագետը։