Փետրվարի 10-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել է Աբովյան փողոցում, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված վայրով, վրաերթի է ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել է պարեկային 3 և քաղաքացիների 8 մեքենաներ։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Այս ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու համար գործադրվել է հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոս փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել է փախուստի:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ «Համերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 1997 թվականին ծնված մի բնակիչ։
Նա հայտնաբերվել է Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել նախաքննական մարմին։
Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել է «Մեթանֆետամին» տեսակի թմրանյութին նմանվող բյուրեղանման զանգված:
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:
Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Ճշտվել է վարորդի ինքնությունը, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: