Search
Close this search box.

ՖՈՏՈ․ Թուրքիայում ձերբակալել են երկրաշարժի հետևանքով ամբողջովին ավերված բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետին

Թուրքիայի Հաթայ նահանգում երկրաշարժերից հետո ամբողջությամբ ավերված Rönesans Rezidans բնակելի համալիրի գլխավոր ճարտարապետը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում երկրից փախչելու փորձի ժամանակ։ Այս մասին հաղորդում է Sabah թերթը։

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ ոք չի խուսափելու պատժից այն անփութության համար, որը հանգեցրել է երկրաշարժի ժամանակ շենքերի փլուզման։ 1999 թվականի՝ ավելի քան 18 հազար մարդու կյանք խլած աղետալի երկրաշարժից հետո Թուրքիայում վերանայել են բնակելի շենքերի կառուցման կանոնները։ Մասնավորապես, 2007 թվականին ընդունվել է բնակելի շինությունների կառուցման օրենսգիրք, որում նշված են երկրաշարժերից պաշտպանվելու համար անհրաժեշտ պահանջները։

«Բնակելի համալիրի 250 բնակարանի վաճառքի համար միլիոնավոր լիրաներ ստացած գլխավոր կապալառուն՝ Մեհմեդ Յաշար Չոշքունը ձերբակալվել է Ստամբուլի նոր օդանավակայանում՝ Մենտենեգրո փախչելու փորձի ժամանակ։ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից երկիրը լքելու արգելք է դրվել»,- գրում է թերթը։

Հաղորդվում է, որ 2012 թվականին շահագործման հանձնված բնակելի համալիրում բնակարանները վաճառվել են 1,5-3 միլիոն լիրայով (800 000-1 600 000 ԱՄՆ դոլար)։ Երկրաշարժի հետևանքով տասներկուհարկանի բնակելի համալիրը վայրկյանների ընթացքում ամբողջովին ավերվել է։

Please enter a valid URL