Search
Close this search box.

Բաքվի համար միայնակ դժվար կլինի․ Թուրքիան ժամանակավորապես հետաձգել է Հայաստանի դեմ էքսպանսիան․ Ալեքսանդրով

Ես չեմ կարծում, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակն այս պահին խիստ պայթյունավտանգ է, հատկապես Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Նա նկատեց, որ Թուրքիայի ղեկավարության ուշադրությունն այժմ ամբողջովին կենտրոնացած է տարերային աղետի հետեւանքները վերացնելու վրա:

«Այդ ֆոնին ես Թուրքիայի կողմից ինչ-որ էքսպանսիոնիստական գործողություններ չեմ ակնկալում առնվազն առաջիկա կես տարում, գուցե՝ ավելի շատ։ Ադրբեջանը չի համարձակվի սրել իրավիճակը։

Հիմա նրանք ստիպված կլինեն սպասել, քանի որ միայնակ նրանց համար դժվար կլինի։ Առավել եւս, որ ժամանել է ԵՄ առաքելությունը։ Դա նույնպես զսպող գործոն է, ուստի չեմ կարծում, որ լուրջ էսկալացիա կլինի»,-հավելեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ լարվածության միակ կետը լինելու է Լաչինի միջանցքը։ «Ես չգիտեմ, թե ինչ է պատրաստվում անել ռուսական կողմն այդ առթիվ։ Նրանք ձեւացնում են, թե ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում։ Թե ով պետք է բացի միջանցքը, չեն ասում։ Եվ Ադրբեջանին ապաշրջափակման պահանջներ չեն առաջադրվում»,-նշեց Ալեքսանդրովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Տարերային աղետի զոհ է դարձել ավելի քան երկու տասնյակ հազար մարդ Թուրքիայում եւ Սիրիայում։

Մինչ այդ՝ հունվարի վերջին, ԵՄ-ն հավանություն էր տվել նոր դիտորդական առաքելության ուղարկմանը, որը Հայաստանում կտեղակայվի այս տարվա փետրվարի 20-ից։ Առաքելությունը բաղկացած կլինի 100 փորձագետներից եւ դիտորդներից։ Սա Եվրամիության թվով արդեն երկրորդ առաքելությունն է։ ԵՄ-ն առաջին դիտորդներին ուղարկել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո։

Please enter a valid URL