Search
Close this search box.

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ Թուրքիային օգնելու որոշման համար

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կայացած հանդիպմանը խոսել են երկրաշարժից տուժած Սիրիայի եւ Թուրքիային Հայաստանի ցուցաբերած օգնության մասին:
Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, ասել է.

«Ուզում եմ անձամբ Ձեզնից շնորհակալություն հայտնել երկրաշարժի հետ կապված Ձեր մոտեցման համար, նաեւ կառավարությանը: Նկատի ունեմ մեր հարեւան երկիր Թուրքիային եւ՛ ցավակցություն հայտնելու, եւ՛ օգնության պատրաստակամություն հայտնելու համար: Նաեւ մեր բարեկամ Սիրիայի նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար: Իրականում երկու երկրներում էլ դա գնահատվել է, Սիրիայում առանձնահատուկ գնահատանքի է արժանացել:

Կարծում եմ, որ մենք այլ կերպ չէինք կարող վարվել, որովհետեւ Սպիտակի երկրաշարժի վերքերը դեռեւս թարմ են մեր հիշողություններում, եւ բացի դա դժբախտություն էր տեղի ունեցել մեր հարեւան երկրում, մենք այլ կերպ չէինք կարող վարվել: Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Ձեզ նաեւ այդ որոշումների համար»:

Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.

«Դուք նշեցիք Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին: Այո, կարծում եմ եւ շնորհակալ եմ, որ այդպես եք վերաբերվում կայացրած որոշումներին, որովհետեւ, այո, իսկապես շատ մեծ աղետ է տեղի ունեցել եւ լինել անտարբեր այդ ամենի նկատմամբ՝ ուղղակի որեւէ կերպ հասկանալի չէր կարող եւ չի կարող լինել: Մանավանդ այն համատեքստում, որ ես այդ մասին նաեւ Ամանորյա ուղերձում նշեցի, որ եթե ուզում ենք մեր պետության հարատեւությունն ապահովել՝ պետք է աշխատենք մեր հարաբերությունների որակը փոխել շատ ուղղություններով, բայց առաջին հերթին մեր տարածաշրջանում, որովհետեւ անկախ ամեն ինչից մենք այստեղ ենք, եւ մեզ շրջապատող երկրները, մեր հարեւան երկրներն էլ են այստեղ: Մենք առաջին հերթին պիտի աշխատանք տանենք այդ հարաբերությունների որակը փոփոխելու ուղղությամբ, իհարկե, հասկանալով՝ մենք այդքան միամիտ չենք, որ մտածենք, որ դա միայն մեզնից է կախված: Իհարկե, մեզնից չէ կախված եւ մենք ոչ մի հանգամանք չենք մոռանում: Խնդիրն այն է, թե մենք ինչ ուղղությամբ ենք ուզում դասավորել կամ գործադրել մեր ջանքերը»:

Please enter a valid URL