Search
Close this search box.

Փորձագետը` Հայաստանում հնարավոր երկրաշարժի վերաբերյալ խոսակցությունների մասին

Շատ հաճախ մասնագետները կամ պաշտոնյաներն ասում են, որ Հայաստանում հնարավոր է երկրաշարժ։ Սա չմտածված էժանագին փիառ է, քանի որ նման հայտարարությունները մարդկանց մոտ միայն վախ ու անհանգստություն են առաջացնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։

«Նման պնդումների համար պետք է լուրջ հիմքեր ունենալ։ Անձամբ ես այդ կապը չեմ տեսնում և քիչ հավանական եմ համարում, քանի որ հյուսիսանատոլիական խզվածքը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս, հեռահարությունը 700 կմ է։ Մինչ ցնցումները հասնում են Հայաստան, դրանք թուլանում են: Հայաստանում երկրաշարժը պետք է հասունանա, որպեսզի դրա մասին խոսվի։ Ոչ ոք չգիտի՝ հասունացել է, թե՝ ոչ»,-նշեց նա։

Փորձագետը տեղեկացրեց, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը մոտ 270 կմ երկարությամբ ճեղքեր է առաջացրել:

«Հնարավոր է նոր երկրաշարժ այդ ճեղքերի խզման վայրում՝ հյուսիս-արեւելքից մինչեւ արեւելաանատոլիական խզվածք։ Հյուսիսանատոլիական խզվածքում նույնպես հնարավոր է երկրաշարժ, բայց հավանականությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ արդեն հինգ օր է անցել, իսկ այդ գործընթացները շատ արագ են ընթանում։ Եթե հիշենք ժամանակագրությունը, ապա կարճ ժամանակ անց երկրաշարժից հետո տեղի ունեցավ մոտ 7,3 մագնիտուդով ուժեղ հետցնցում»,-նշեց Նազարեթյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Վերջին տվյալներով՝ տարերային աղետի զոհ է դարձել ավելի քան 20 հազար մարդ Թուրքիայում և Սիրիայում։

Please enter a valid URL