Ռուս թատերական քննադատ և լրագրող Վլաս Դորոշևիչի խոսքը կարելի է ասել անմահ է․ «Ես շատ եմ սիրում բարեգործական պարահանդեսներ, որտեղ հարուստները պարում են հանուն աղքատների, այսպես ասած, օգնության ոտք են մեկնում նրանց»,- ասում էր Դորոշևիչը՝ ծաղրելով, այսպես կոչված, հումանիստ, գթասիրտ հանրությանը, ով անվերջ խոսում է սովյալների, կարիքավորների, աղքատների խնդիրների մասին, իրականում ոչինչ չանելով նրանց օգնելու, նրանց վիճակը թեթևացնելու համար:
Համացանցը ողողված է շրջափակված արցախցիներին բարոյական աջակցություն հայտնողների գրառումներով, կարեկցանքի ու ոգևորության խոսքերով, պինդ մնալու և նրանց կողքին կանգնած լինելու խոստումներով, բայց դրանից ինչ օգուտ: Շատերը շրջափակվածներին սիրտ են տալիս՝ ճոխ սեղաններից ելնելուց հետո, իսկ շատերը դա անում են արտասահմանյան ճամփորդությունների ընթացքում՝ թանկարժեք շամպայնը ըմբոշխնելու ժամանակ:
Ուրիշ հարթությունում է ապրում և գործում Գագիկ Ծառուկյանը, ով երեկ հայտարարեց Արցախին 10 բեռնատար հումանիտար օգնություն և մեկ բեռնատար դեղորայք ուղարկելու իր որոշման մասին: Ծառուկյանը հայտարարել է նաև Արցախի շրջափակման ընթացքում ծնված երեխաներին 215 օծված ոսկե խաչեր ուղարկելու մասին: Գագիկ Ծառուկյանի օգնությունը լինելու է շարունակական:
Ծառուկյանը հերթական անգամ ապացուցեց, որ ինքն էականորեն տարբերվում է մյուսներից, ովքեր սիրում են խոսել ու ոչինչ չանել, սիրում են ուրիշների գործերը քննադատել, այդպես էլ ողջ կյանքի ընթացքում մի բան չանելով, որ հնարավոր չլինի գովել կամ քննադատել:
Էլիտար-բոհեմային, քաղաքագիտական ու փորձագիտական հանրույթը, որ սիրում է վեհ գաղափարներից խոսել ու ոչինչ չանել, խորհուրդներ տալ ու միայն քննադատել, հիմա էլ ասում է, թե շրջափակված Արցախի կամ արցախցու ինչին են պետք ոսկե խաչերը: Մի՞թե մեր երկրում պատերազմ է հայտարարված հավատին, թե՞ մարդկանցից ուզում են խլել նաև հույսը և հավատը: Այս խաչերը հենց այդ հավատի արտահայտությունն են, որ Հայաստանում չեն մոռացել արցախցիների մասին, որ Արցախում ծնված յուրաքանչյուր երեխա Հայաստանի ու Հայաստանում ապրող յուրաքանչյուր հայ մարդու համար ուրախություն և հույս է պարգևում:
Ծառուկյանի օգնությունը ոչ միայն նյութական, այլ ավելի շատ բարոյական աջակցություն է, որովհետև մարդը կարող է ապրել նյութապես վատ պայմաններում, երբ ունի ապագայի ու փրկության հույս, բայց կարող է կործանվել, երբ նրա մեջ մեռնում կամ առավել ևս սպանում են վաղվա օրվա, ապագայի նկատմամբ հավատը:
Արցախցիները միշտ են իրենց թիկունքում զգացել Ծառուկյանի և Ծառուկյան ընտանիքի աջակցությունը, բայց հիմա՝ թշնամական շրջափակման ու հումանիտար ճգնաժամի պայմաններում այդ օգնությունը ապրելու և հաղթելու վճռականություն է հաղորդում:
Արցախցիները գիտեն, որ Հայաստանում իրենցից ձեռք չեն քաշել, իրենցից չեն հրաժարվել, առնվազն կան մարդիկ, ովքեր չեն մտածում, որ կարևորը մեզ համար լավ լինի, իսկ 120 հազար արցախցիները մեզ համար արդեն գոյություն չունեն: Ծառուկյանը միշտ հիշելու և հիշեցնելու է, որ Արցախը մեր մի մասն է, արցախցին մեր մի մասնիկը:
ArmLife.am