Search
Close this search box.

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հայտարարությունը

Այսօր տարածված տեղեկությունների համաձայն՝ սույն թվականի փետրվարի 9-ին Ներքին գործերի նախարարության Ոստիկանության էրեբունու բաժնում ծեծի են ենթարկվել փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, նույն տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ Ոստիկանության նույն բաժնում բռության են ենթարկվել նաև փաստաբանների անչափահաս պաշտպանյալները։

Այս մասին հայտարարություն է տարածել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։

Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։

Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով։

Հարկ է ընդգծել, որ փաստաբանության ինստիտուտն ունի առանձնահատուկ նշանակություն իրավաբանական օգնություն ստանալու՝ անձի սահմանադրական իրավունքի իրացման գործում:

Պատահական չէ, որ Սահմանադրությամբ իր ամրագրումն է գտել նաև իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեության երաշխավորման պահանջը: Փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգը պայմանավորող է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն: Փաստաբանի անխոչընդոտ մասնագիտական գործունեության դերը և այդ առնչությամբ պետությունների պարտավորությունները նախատեսված են նաև ՄԱԿ-ի մի շարք փաստաթղթերով։

Ասվածի համատեքստում դատապարելի և անթույլատրելի է բռնության ցանկացած դրսևորում, հատկապես՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող փաստաբանի նկատմամբ։

Հետևողական ենք լինելու այս գործի արդյունավետ քննության իրականացման և մեղավորներին պատասխանատվության ենթարկեու հարցում։

Please enter a valid URL